Աթենքի կենտրոնում՝ Սինտագմա հրապարակից և Հունաստանի խորհրդարանի շենքից ոչ հեռու պայթյուն է որոտացել: Ոստիկանության հաղորդումների համաձայն՝ պայթյունից ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է BBC-ն:
Պայթուցիկ սարքը գործել է Աթենքի գլխավոր հրապարակից մեկ թաղամաս հեռավորությամբ՝ Հունական ձեռնարկությունների դաշնության (SEV) շտաբ-բնակարանի պատերի մոտ: Կոտրվել են մերձակա մի քանի շենքերի պատուհանների ապակիները:
Աթենքում վերջին ամիսներին բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում երկրում տիրող ծանր տնտեսական դրության պայմաններում: Ժամանակ առ ժամանակ բողոքավորների ու գործադուլավորների բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ: Նաև նշվում է, որ ոչ հզոր ինքնաշեն ռումբերի օգտագործումն այն մարտավարությունն է, որը հաճախ են կիրառում արմատական ձախերը և անարխիստները: