ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները՝ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» թատերախմբի փոքրիկ դերասանների «Աղետիկ» երաժշտական բեմադրությունը դիտելու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացման հիմքում՝ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի մանկական բանաստեղծություններն են, նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձևաչափով անվտանգության մշակույթի ձևավորմանը նպաստելը:
«Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է մոտ մեկ տարի առաջ՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և «Երևան իմ սեր» հիմնադրամի համագործակցության արդյունքում: Այսօր ունի 150 սան, որոնք ստանում են անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, պարային թերապիա, հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի և այլ մասնագետների հետ աշխատանք և այլն:
Տոնական «Աղետիկը» Ձմեռ Պապի մասնակցությամբ է և ուշադրության է հրավիրում Ամանորյա «վազքին» բնորոշ ռիսկերին և հորդորում զգույշ լինել Ամանորյա տոնածառը զարդարելիս, խմորեղեն թխելիս, տաք կերակուր պատրաստելիս և այլն:
Ներկայացումից հետո հավաքվածներին անակնկալ մատուցեց «Լուսէ» կենտրոնի 12-ամյա սան Գոռ Համբարձումյանը՝ «Մայրիկ» երգի հիանալի կատարմամբ: Իսկ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը երեխաներին ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական խոսք-մաղթանքը. «Բարի մարդ դարձեք, փրկարար դարձեք, օգնության հասեք, եթե դրա անհրաժեշտությունը կա, երջանիկ եղեք ձեր ծնողների, դաստիարակների, շրջապատի հետ միասին»:
Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները ճգնաժամային կառարման պետական ակադեմիայից հեռացան ԱԻՆ-ից ստացած նվերներով: