Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Սույն թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, չունենալով այլ ելք, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից՝ Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են:
Հունվարի 3-ին, այսինքն՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում ՄԻԵԴ-ը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում և հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որոնք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու փաստական և իրավական հիմքերը, և թե արդյոք ելնելով Սամվել Մայրապետյանի առողջական ներկա վիճակից՝ հնարավո՞ր է կազմակերպել նրա բուժումը ՀՀ-ում։ Ավելորդ ենք համարում նշել, որ եվրոպական դատարանի կողմից նման որոշման կայացման համար որոշիչ գործոն է հանդիսացել ծանրակշիռ բժշկական ապացույցների առկայությունն առ այն, որ ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել Սամվել Մայրապետյանի բուժումը։
Առնվազն զարմանալ կարելի է այն փաստից, որ միջազգային ատյանը պատրաստ է մեկ օրվա ընթացքում կայացնել որոշում կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մեջ գտնվող քաղաքացու առնչությամբ, իսկ հայրենի պետական մարմինը, որը կոչված է առաջինը պաշտպանելու իր քաղաքացու կյանքը և առողջությունը կամ առնվազն չխանգարելու իրացնել իր այդ իրավունքը, նախընտրում է ոչ միայն անտեսել վտանգի մեջ գտնվող քաղաքացու դիմումները, այլ նաև չկատարել օրենքով սահմանված իր պարտականությունը»: