SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 22։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ), մարզի քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքելու պահին հայտնաբերել ու Ոստիկանության Արարատի բաժին են բերման ենթարկել Արարատ քաղաքի Բանավան 4-րդ շենքի բնակիչ՝ 27-ամյա Ժորա Գասպարյաին։

Վերջինս տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։


Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Toyota Prado մակնիշի ավտոմեքենան և որսորդական ողորկափող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 5-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում։ 

Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ էին հնչել, և այդ մասին ահազանգ էր ստացվել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում։

Ոստիկանները պարզել էին, որ նշված շենքին հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ էր արձակել նույն՝ Բանավանի բնակիչ՝ 67-ամյա Հենզել Սիմոնյանի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։ 

Կրակոցների հետևանքով Հ. Սիմոնյանի որդին՝ նույն թաղամասի բնակիչ, 32-ամյա Սարուխան Սիմոնյանը, ոտքի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք։ 
Կրակոցներից մեկն էլ դիպել էր նույն Բանավանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Գասպարյանի ձախ ձեռքին։