Mediamall.am-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.


Մալայզիական Boeing 777 ինքնաթիռի «սև արկղերը» փոխանցվել են հոլանդացի փորձագետներին

 

Մալայզիայի իշխանությունները հոլանդացի հետաքննիչներին են փոխանցել Ուկրաինայում կործանված ինքնաթիռի «սև արկղերը»: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը:

«Սև արկղերը» փոխանցվել են անվտանգության ազգային վարչությանը, որը գլխավորում է ավիաաղետի հանգամանքների միջազգային հետաքննությունը»,- ասվում է Նիդերլանդների ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ «սև արկղերը» կտեղափոխվեն Մեծ Բրիտանիա, որտեղ նրանց վերծանմամբ հատուկ կզբաղվեն մասնագետները:

 

***

 

«Չայնի»-ի ոլորաններում «ԿամԱԶ»-ին բախված «Օպել»-ի վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

 

ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 22-ին' ժամը 21.20-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին' «Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 30ՏՕ426 (վարորդ' Է. Վ., ծնվ. 1987թ.) և «ԿամԱԶ» մակնիշի 35ԼR273 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ' Գ. Մ., ծնվ. 1966թ.), ինչից Է.Վ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 

***

 

Բրյուսելում կայացել է Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարների հանդիպումը

 

Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդնրադարձ է արվել մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների: ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:

 

***

 

23-ամյա աղջիկը, ում փախցրել էին ամուսնության նպատակով, խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացավ. shamshyan.com

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հիվանդանոցում մահացել է 23-ամյա Սեդա Ավագյանը, ով մարմնական վնասվածքներ էր ստացել Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից:

 

Ս. Ավագյանը Audi մակնիշի ավտոմեքենայի վարորդի ապագա հարսն էր, ում, ի դեպ, ամուսնության նպատակով փախցրել էին, իսկ աղջիկն ու նրա հարազատները դեմ էին այդ ամուսնությանը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, հունիսի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Audi TT մակնիշի 35 UD 179 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան- Երևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճանապարհային ոստիկանության Հրազդանի նախկին հենակետի դիմաց բախվել էր ծառայություն կատարող, կայանված վիճակում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի Toyota մակնիշի 636 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային:

 

Շարունակությունը՝ այստեղ:

 

***

 

Օբաման սպառնում է Պուտինին քաղաքական և տնտեսական մեկուսացմամբ

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ հեռախոսազրույցում Եվրոպային կոչ է արել խստացնել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի՝ հավելելով, որ Մոսկվան «լրացուցիչ գին» կվճարի, եթե չդադարի Ուկրաինայի անջատողականներին աջակցելուց: Այս մասին հայտնում է novostimira-ն:

Նախագահն ու վարչապետն իրենց անհանգստությունն են հայտնել այն ակնհայտ փաստերի առնչությամբ, ըստ որոնց ՌԴ-ն շարունակում է զինել ապստամբներին՝ միևնույն ժամանակ շարունակելով ավելացնել սեփական զինված ուժերը:

«Մենք շեշտում ենք, որ ճանաչում ենք Ուկրաինայում Ռուսաստանի խորը պատմական և մշակութային կապերը և Ուկրաինայի ներսում տեսնում ենք էթնիկ ռուսների և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման անհրաժեշտություն: Ուկրաինայի կառավարությունն իր հերթին հստակ հայտարարել է բոլոր ուկրաինացիների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության մասին»,- հիշեցրել է ԱՄՆ-ի նախագահը:

Օբաման հասկացրել է, որ հետագայում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած խախտում կարող է բացասաբար անդրադառնալ և խարխրել Ռուսաստանի դիրքերն ու մեկուսացնել նրան միջազգային հարթակում:

 

***

 

Boeing-ն Ուկրաինայի երկնքում խփել են աշխարհազորայինները. ԱՄՆ-ի հետախուզություն

 

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պնդում են, որ «Մալայզիայի ավիագծերի» մարդատար ինքնաթիռը հուլիսի 17-ին Ուկրաինայի երկնքում «սխալմամբ» խփել են աշխարհազորայինները, որոնք, ըստ երեւույթին, այն ընդունել են ռազմական ինքնաթիռի տեղ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի վարչակազմի կողմից լրագրողների համար հատուկ կազմակերպված ճեպազրույցում հայտնել են Միացյալ Նահանգների հետախուզությ ան ներկայացուցիչները:

Նրանք նշել են, որ տեղի ունեցած ողբերգությանը Ռուսաստանի իշխանությունների անմիջական մասնակցության վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն Վաշինգտոնը չունի: Միեւնույն ժամանակ ճեպազրույցը վարողները հայտարարել են, թե Ռուսաստանն «ստեղծել Է պայմաններ», որոնք Էլ վերջին հաշվով ավիաաղետի են հանգեցրել Արեւելյան Ուկրաինայի երկնքում:

«Գերիշխող տեսակետն այն Է, որ դա (արել են) անջատականները»,- ասել Է ճեպազրույցը վարողներից մեկը: «Մենք չգիտենք» Boeing-ին կրակողների «անունը, մենք չգիտենք կոչումը եւ մենք 100 տոկոսով համոզված չենք ազգության հարցում», ասել Է ԱՄՆ-ի հետախուզության այդ աշխատակիցը:

Իրենց եզրակացությունները Միացյալ Նահանգների հետախուզության աշխատակիցները հիմնավորել են՝ վկայակոչելով իրենց տնօրինման տակ առկա լուսանկարները, որոնք ստացվել են արբանյակներից, ռադիոորսման տվյալները ու նաեւ այն տեղեկությունները, որոնք զետեղված են տարբեր սոցիալական ցանցերում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

***

 

Շարունակվում Է Հայաստանի ռուսական ռազմակայանի վերազինումը

 

Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում Է մարտական մեքենաների հավաքակայանների պլանային համալրումը ավիացիոն, ռազմական ու մասնագիտական անվավոր եւ թրթուրավոր զրահատանկային տեխնիկայի արդիական նմուշներով: Ընթացիկ տարում Երեւանի եւ Գյումրիի զինվորական կայազորների միավորումներում նոր զենքի բաժինը ավելացել Է մինչեւ 40 տոկոս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների զինծառայողներին մինչեւ այս տարվա օգոստոսի սկիզբը կհատկացվեն Կամայի ավտոգործարանի «Մուստանգ» ընտանիքի նոր 2, 3 եւ 4-սռնանի ավտոմեքենաներ: Դրանք կսկսեն նյութական ունեցվածքով ապահովել այն ստորաբաժանումները, որոնք առաջադրանքներ են կատարում «Կամխուտ», «Ալագյազ» եւ «Փամբակ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրներում, ինչպես նաեւ «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի զինվորական օդաչուներին:

Արդեն երկու շաբաթ Է, ինչ զորամիավորման բարձր որակավորում ունեցող սպաներից բաղկացած հանձնաժողովն ընդունում Է ավելի քան 50 միավոր նոր ավտոտրանսպորտ, ներառյալ երկսռնանի ԿամԱԶ-4350, եռասռնանի ԿամԱԶ-5350 եւ չորսսռնանի ԿամԱԶ-6350 մեքենաները:

Սովորական ավտոմեքենաներից բացի, վտանգավոր բեռների, անձնակազմի եւ նյութական միջոցների տեղափոխման համար ռուսական ռազմակայանը կստանա նաեւ նորոգման-տարհանման ավտոմեքենաներ, շարժական հրամանատարական կետեր, հատուկ տրանսպորտ, որն ունի համապատասխան պլատֆորմ: Ժամանակակից նոր ավտոմեքենաներն ունեն բարձր մրցունակություն, կառավարման հարմարավետություն, դիմացկունություն եւ շարժունակություն:

Ընդհանուր առմամբ տարբեր մակնիշների հին ավտոտրանսպորտի փոխարինումը արդիական մեքենաներով թույլ կտա ամբողջ ծավալով կատարել տարբեր առաջադրանքներ՝ ի շահ Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների:

 

 ***

 

ԱՄԷ-ի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

 

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հուլիսի 22-ին' ժամը 08.00-ին, օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1957թ. ծնված Ալեքսեյ Յանչուկին:

Ալեքսեյ Յանչուկը 2014թ. փետրվարի 24-ից Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահների կողմից հետախուզվում է հարձակման, գողության և սպանության մասնակցելու մեղադրանքով: Խափանման միջոցը' կալանք: Ալեքսեյ Յանչուկը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

 

***

 

Boeing 777-ն Ուկրաինայի երկնքում սխալմամբ խփել են աշխարհազորայինները. ԱՄՆ-ի հետախուզություն

 

Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պնդում են, որ «Մալայզիայի ավիագծերի» մարդատար ինքնաթիռը հուլիսի 17-ին Ուկրաինայի երկնքում «սխալմամբ» խփել են աշխարհազորայինները, ովքեր, ըստ երևույթին, այն ընդունել են ռազմական ինքնաթիռի տեղ: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչները:

Ըստ նրանց՝ ավիավթարի դեպքի հետ կապված Ռուսաստանի իշխանությունների՝ անմիջական մասնակցության մասին տեղեկատվություն Վաշինգտոնը չունի, սակայն Ռուսաստանն ստեղծել է պայմաններ, որոնք էլ այդ ավիավթարի պատճառն են դարձել:

Այս եզրակացություններն ԱՄՆ-ի հետախուզության աշխատակիցները հիմնավորել են՝ իրենց մոտ ունենալով արբանյակներից ստացված առկա լուսանկարները, որոնք նաև զետեղված են սոցիալական ցանցերում:

 

***

 

ԼՂՀ դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել արդբեջանական դիվերսիոն խմբի անդամներին

 

Նախաքննության ընթացքում Դիլհամ Ասկերովը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով' լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով' առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով' կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով' մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված' կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով' սպանությունը' զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով' կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Նույն քրգործով մեղադրյալ Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով' լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով' առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով' կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով' մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված' կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով' սպանությունը' զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով:

Նախաքննությունը շարունակվում է:
ԼՂՀ Դատախազություն

 

***

 

Պաղեստինցիների տված զոհերի թիվը հասել է 651-ի, իսկ Իսրայելինը՝ 29-ի

 

Իսրայելի հարձակման հետևանքով պաղեստինցիների տված զոհերի թիվը Գազայի հատվածում արդեն հասել է 651-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանց թվում 161-ը երեխաներ են, 66-ը՝ կանայք: Վիրավորների թիվը կազմել է 4040: Իսրայելական օդուժը հուլիսի 23-ին ռմբակոծել է Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի ազգային բանակի և փոստատան շենքը, ինչպես նաև Բեյթ Հանունի Աբդ բն Աբդ ալ Ազիզ մզկիթը, Զեյթուն թաղամասը, որը գտնվում է Գազա քաղաքի արևելքում, Խան Յունիս քաղաքի Ումուր շրջանը: Խազաա գյուղում 18 մարդ է զոհվել, կան 120 վիրավորներ:

Իսրայելական բանակն այսօր հայտարարել է իր երկու զինվորների զոհվելու մասին: Միևնույն ժամանակ ավելի քան 150 վիրավոր զինվորներ համապատասխան բուժում են ստանում Իսրայելի հիվանդանոցներում: Նրանցից 7-ի վիճակը ծանր է: Ռազմական գործողությունների 16 օրվա ընթացքում իսրայելական քաղաքների ռմբակոծության հետևանքով 29 զինծառայողներ և 2 քաղաքացիներ են զոհվել, ավելի քան 400-ը վիրավորվել է:

Նախօրեին Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 90 հրթիռ: Իսկ 16 օրվա ընթացքում արձակված հրթիռների թիվը կազմել է 2100:

Ստեղծված իրավիճակի պատճառով մի շարք խոշոր ավիաընկերություններ, այդ թվում՝ Lufthansa, Air France, KLM, Turkish Airlines, Brussels Airlines, Delta Air Lines և United Airlines ընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ:

 

***

 

Արագաչափերի, տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքների չափերը հուլիսի 26-ից չեն եռապատկվելու կամ հնգապատկվելու

 

Վարորդները հուլիսի 26-ից կկարողանան մի փոքր շնչել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ վարչական իրավախախտումների մասին օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնցով փոփոխվել են արագաչափերի, տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքների չափերը:

«Նոր օրենքով՝ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու դեպքում կսահմանվի տուգանք՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար 1000 դրամի չափով, իսկ նախկինում մինչև 10 կմ/ժամ արագությունը գերազանցելու համար, անկախ նրանից՝ մեկ, երկու, թե յոթ կիլոմետր է գերազանցվել, տուգանքը նույնն էր»,- ասաց նա և հավելեց, որ արագաչափերի, տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքների չափերն այլևս չեն եռապատկվելու և հնգապատկվելու, այլ 25 և 50 տոկոսի չափով են ավելանալու:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ այս փոփոխությունները լիարժեք չեն, և պետք է կարգավորել տուգանքների ծանուցման հետ կապված խնդիրը. «Պետք է գործը նախ գնա դատարան, հետո նոր՝ ԴԱՀԿ»,- ասաց Հովհաննիսյանը:

 

***

 

Պորոշենկոն ստորագրել է «Մասնակի զորահավաքի մասին» հրամանը

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Մասնակի զորահավաքի մասին» հրամանը: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

Ուկրաինայի Գերագույն ռադան այս օրենքը հաստատել էր երեկ. որոշման օգտին քվեարկել է նիստերի դահլիճում գրանցված 318 պատգամավորից 232-ը: Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

«Նախատեսվում է մարտական պատրաստականության վիճակի բերել հավելյալ 15 զորամաս, նաև մարտական ապահովման 44 զորամաս»,- հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության ծառայության քարտուղար Անդրեյ Պարուբին:

 

***

 

Քարվաճառում ձերբակալված դիվերսանտ Դիլգամ Ասքերովի նկատմամբ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով քրեական գործ կա

 

Ադրբեջանական մամուլում հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել Քարվաճառում ձերբակալված դիվերսանտ Դիլգամ Ասքերովի նկատմամբ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով անավարտ քրեական գործ հարուցված լինելու մասին: Թեմային անդրադարձել է azinform.az-ը' մեջբերելով Դիլգամ Ասքերովի նկատմամբ քրեական գործ բացված լինելու մասին baki-xeber.com-ում հրապարակված Մահամադալի Գարիբլիի հեղինակած հոդվածը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azinform.az-ում հրապարակված նյութի հեղինակ Նամիգ Թյուրքսոյը նշում է, որ այս տարվա ապրիլին milli.az լրատվական պորտալը հայտնել էր հետեւյալը. «Շամքիրի ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող երեք կասկածյալների: Հղում կատարելով «Քյափազ ԹՎ» հեռուստաալիքին, milli.az-ը հայտնել է, որ Շամքիրի ոստիկանությունը տեղեկացվել էր, որ Չինարլը գյուղի 54-ամյա բնակիչ Դիլգամ Ասքերովը զբաղված է թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելով: Ոստիկանության աշխատակիցները Դիլգամ Ասքերովի տանն անցկացրած ստուգումների արդյունքում նրա տանը եւ բակում բավականաչափ չոր մարիխուանա եւ ագրոտեխնիկական կանոնններով աճեցված կանեփի թփեր են հայտնաբերել: Շամքիրի ոստիկանության շրջանային բաժանմունքի հետաքննչական բաժնի պետ Մահեռամ Մամեդովը հայտնել է, որ Դիլգամ Ասքերովի տանը 1 կգ 514 գ չոր մարիխուանա, բակում էլ կանեփի 60 թուփ են հայտնաբերել: Դրանից բացի, տան բակի ծառերի փչակներում հատուկ արկղերի մեջ թաքցված 87 լուցկու տուփ մարիխուանա էլ են հայտնաբերել»:

Ոստիկանությունը պարզել է, որ Դիլգամ Ասքերովն իր աճեցրած թմրանյութերը վաճառքի էր հանում իր համագյուղացիների' 54-ամյա Մուբարիզ Մեհդիխանովի եւ 30-ամյա Էլբրուս Իսմայիլովի միջոցով: Վերջին անգամ Մուբարիզ Մեհդիխանովը ոստիկանության կողմից բռնվել է երկու լուցկու տուփ մարիխուանա Էլբրուս Իսմայիլովին 60 մանաթով վաճառելու պահին: Էլբրուս Իսմայիլովը ոստիկանությունում խոստովանել է, որ թմրանյութը 60 մանաթով գնել է Մուբարիզից: Մուբարիզ Մեհդիխանովն էլ խոստովանել է, որ երկու լուցկու տուփ մարիխուանան 40 մանաթով գնել է Դիլգամից եւ 60 մանաթով վաճառել Էլբրոսին: Դիլգամ Ասքերովն էլ խոստովանել է հետեւայլը. «Մուբարիզին ասացի, որ նման թմրանյութ ունեմ, նա ինձնից խնդրեց, ես երկու-երեք հատ տվեցի, նա էլ բռնվեց»: Երեք անձանց նկատմամբ էլ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով գործ է սկսվել: Տարվում է հետաքննություն»:

Այս տեղեկությունը ձեռք բերելուց հետո azinform.az-ը հետազոտություն է անցկացրել թմրանյութերի առեւտրի հետ կապված մի քանի ամիս առաջ ձերբակալված Դիլգամ Ասքերովի մասին առ այն, թե արդյոք դա նույն Դիլգա՞մն է, որը հայկական ուժերի կողմից ձերբակալվել է Քարվաճառում:

Շամքիրի Չինարլի գյուղի անունը հրապարակել չցանկացած անձը կայքին պատմել է. «Ռուսաստանում աշխատելու պատճառով նրան հազվադեպ էինք տեսնում: Բայց երբ գալիս էր, հանդիպում էինք: Նա որպես հարկադիր վերաբնակ եկել է Քարվաճարից: Այստեղ նա ազգականներ, տուն, ընտանիք եւ բազմաթիվ ծանոթներ ունի: Չինարլըի 7 հազար բնակիչներից յուրաքանչյուրը նրան ճանաչում է»:

Կայքը հայտնում է, որ «Քյափազ ԹՎ»-ին ապրիլին անգամ ցուցադրել էր Շամքիրի շրջանի ոստիկանական վարչության կողմից թմրանյութերի առեւտրի համար Դիլգամ Ասքերովին ձերբակալալելու տեսապատկերները, որի link-ն իրենք ունեն:

Կայքը խնդրել է թեմայի հետ կապված պարզաբանումներ տալ Շամքիրի ոստիկանական վարչության քննիչ Փաքիզա Գուլիեւային, ով պատասխանել է, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն իրենց «լուրջ ցուցումներ» է տվել' հարցի հետ կապված ոչ մեկին տեղեկություն չհայտնել:

Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է թմրանյութերի առեւտրով զբաղվելու մեղադրանքով ապրիլին Ադրբեջանում ձերբակալված եւ իր նկատմամբ քրեական գործ բացված անձը հուլիսին հայտնվել Քարվաճառում: Ենթադրությունը միակն է' նրան խոստացել են գործը փակել, եթե համագործակցի հետախուզության հետ:

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը այսօր Բաքվում հայտարարել է, որ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիների մեջ ՌԴ քաղաքացիներ չկան: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ Քարվաճառում ձերբակալված Դիլգամ Ասքերովը ՌԴ քաղաքացի է: Նա ՌԴ ղեկավարությանը քննադատել էր այն բանում, որ նրանք, իբր, անտարբերություն են ցուցաբերում իրենց քաղաքացու ճակատագրի հանդեպ:

 

***

 

Ուկրաինայի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել Սերգեյ Շոյգուի նկատմամբ

 

Ուկրաինայի ՆԳՆ-ի հետաքննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քաղաքացի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ի պաշտոնական կայքը:

Շոյգուն մեղադրվում է Ուկրաինայի արևելյան տարածքում Ազգային գվարդիայի ստորաբաժանումների, ինչպես նաև ձեռնարկությունների ու կազմակերպությունների նկատմամբ անօրինական ռազմական գործողություններ իրականացնելու մեջ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկանց մահվան և այլ լուրջ հետևանքների: Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի՝ Շոյգուի գլխավորած ՌԴ ՊՆ-ի աշխատակիցների աջակցությամբ ձևավորվել են ապօրինի զինված խմբեր, որոնք գործում են Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում քրեական գործեր էին հարուցել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ:

 

***

 

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է

 

Ստորև ներկայացնում ենք «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը.

Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը «Ժառանգություն» կուսակցությունը գնահատում է որպես «վերևից» իջեցված քաղաքական պատվերի շրջանակում հայրենի դատարանի իրականացրած հերթական հաշվեհարդար, որն ուղղված է արդարացի բողոքի գործողության և ազատ կամարտահայտության ժողովրդավարական սկզբունքի կոպիտ ոտնահարմանը:

Հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար շարունակվող նմանօրինակ բռնությունները չեկիստական գործելակերպին հարիր վերապրուկներ են, որոնց շուտափույթ հաղթահարումն օրվա հրամայականն է: Քաղաքական բանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի, Վարդան Պետրոսյանի և այլակարծիք մյուս քաղաքացիների հետապնդումները, որոնք թելադրված են մեր պետության անվան տակ գործող իշխանության կողմից, ոչ այլ ինչ են, քան թշնամական բռնարարք հայ ժողովրդի և նրա շահերի դեմ:

Անկախ նրանից, թե որ պետությունում են մեր հայրենակիցները հետապնդվել ու դատապարտվել այլախոհության համար կամ քաղաքական դրդապատճառներով, մենք պարտավոր ենք պաշտպանել ԱՄՆ-ում՝ Համբիկ Սասունյանի, Թուրքիայում՝ Հրանտ Դինքի, Սևան Նշանյանի, Սևակ Բալըքչիի, Վրաստանում՝ Վահագն Չախալյանի, ՌԴ-ում՝ Լևոն Հայրապետյանի իրավունքները՝ իբրև ազգային շահերից բխող կարևոր հանձնառություն:

«Ժառանգություն» կուսակցությունը համարում է, որ հայազգի քաղաքացիների հանդեպ վերոնշյալ հալածանքները Հայոց պետական իշխանության բացակայության վկայություն են, և կոչ է անում մեր ժողովրդի զավակներին՝ համախմբվելով ազգային դրոշի ներքո, լծվել ազատ ու իրավատեր պետականության ստեղծման նվիրական առաքելությանը:

23 հուլիսի 2014
Երևան

 

***

 

Երևան-Սևան ճանապարհին «ԿամԱԶ»-ին բախված «Օպել Վեկտրա»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

 

Ոստիկանության Չարենցավանի բաժնում հուլիսի 22-ին հաղորդում է ստացվել, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել է դիմացից ընթացող «ԿամԱԶ»-ի հետնամասին:

«Օպել Վեկտրա»-ի վարորդը' 1988թ. ծնված Էդգար Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ի ն տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

 

***

 

«Կիևը պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի պաշտոնական անձանց և ընկերությունների նկատմամբ». Յացենյուկ

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ և աջակցում են Ուկրաինայում գործող զինյալներին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«Ուկրաինան համարում է, որ Ռուսաստանն անմիջականորեն մասնակցում է Ուկրաինայի տարածքում ֆինանսական ահաբեկչության իրականացմանը, զենքի և լրտեսների մատակարարմանը և ահաբեկիչների աջակցությանը, ովքեր հանցագործություններ են կատարում Ուկրաինայի տարածքում»,- ասել է Յացենյուկը:

Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը հավելել է նաև, որ Ուկրաինայի կառավարությունն ստեղծում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցերով հանձնաժողով:

 

***

 

Կոմիտասում բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

 

Հուլիսի 23-ին՝ ժամը 14.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի:

 

***

 

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ը դադարեցրել են ռազմական գործողությունները Գազայի թեժ կետերում

 

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները Գազայի երկու թեժ կետերում դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կողմերը նման քայլի են դիմել, որպեսզի թույլատրեն շտապօգնության մեքենաներին դուրս հանել վիրավորներին:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Սեսիլիա Գոյնը նշել է, որ շտապօգնության 7 մեքենաներից բաղկացած շարասյունը և ԿԽՄԿ 2 մեքենաներն արդեն մտել են Շեջայ, մի խումբ մեքենաներ մտել են Խան Յունիս:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել է հուլիսի 8-ին: Տասնվեց օրվա ընթացքում Իսրայելի հարձակման հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը Գազայի հատվածում արդեն հասել է 651-ի: Նրանց թվում 161-ը երեխաներ են, 66-ը՝ կանայք: Վիրավորվների թիվը կազմել է 4040:

Իսրայելական բանակը այսօր հայտարարել է իր երկու զինվորների զոհվելու մասին: Միևնույն ժամանակ, ավելի քան 150 վիրավոր զինվորներ համապատասխան բուժում են ստանում Իսրայելի հիվանդնաոցներում: Նրանցից 7-ի վիճակը ծանր է: Ռազմական գործողությունների 16 օրվա ընթացքում իսրայելական քաղաքների ռմբակոծության հետևանքով 29 զինծառայող և 2 քաղաքացի է զոհվել, ավելի քան 400-ը վիրավորվել է:

Նախօրեին Իսրայելի ուղղությամբ արձկավել է ավելի քան 90 հրթիռ: Իսկ 16 օրվա ընթացքում արձակված հրթիռների թիվը կազմել է 2100:

 

***

 

Առանց վարորդական վկայականի վարողներն այսուհետ կտուգանվեն նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով

 

Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով' հնգապատիկի փոխարեն:

Այս նոր կարգավորումն ամրագվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակում, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 26-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը «վարելու իրավունք չունեցող անձանց» բառերից հետո լրացվել է «, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով» բառերով, ինչպես նաև նույն մասի «քսանապատիկի» բառը փոխարինվել է «հիսնապատիկի» բառով:

Բացի այդ, հոդվածը լրացվել է 6-րդ մասով, ուր նշվում է, որ նույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո' մեկ տարվա ընթացքում, երրորդ և ավելի անգամ կատարելը' առա ջացնում է տուգանքի նշանակում' տվյալ արարքների համար սահմանված տուգանքի եռապատիկի չափով: