2018 թվականի նոյեմբերի վերջին տեղի ունեցած գործադիրի նիստում ընդունվել է որոշում, որով ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 2019 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 25 հազար 500 դրամ:
Նախկինում ծերության նպաստի չափը կազմում էր 16 հազար դրամ, 1-ին խմբի հաշմանդամ և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16 հազար դրամ (երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում նպաստի սահմանված չափը մնացել է անփոփոխ՝ 80 000 դրամ)։
Միաժամանակ, ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով: Նախագծով աշխատանքային և զինվորական կենսաթոշակների համար սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» հասկացությունը, որի չափը սահմանելու լիազորությունը տրվում է կառավարությանը:
Օրենքն ընդունվելու դեպքում ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կբարձրացվեն 2019 թվականի հունվարի 1-ից: Սա նշանակում է, որ անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, 25 500 դրամից ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն (կավելացվեն) 2019 թվականի հունվարի 1-ից, և պակաս վճարված կենսաթոշակի գումարները կվճարվեն միանվագ` նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի հետ: