«Գազպրոմ» ընկերությունը վերջին պահին կարողացավ Հայաստանի նոր իշխանությունների հետ գազի գնի բարձրացման հետ կապված համաձայնության գալ: Հայաստանի համար 2019 թվականին գազը կթանկանա 10 տոկոսով՝ մինչև 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Սակայն այս համաձայնությունը ֆորմալ բնույթ է կրում: Գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա»-ի համար, բայց ներքին սակագները Երևանը պատրաստ չէ բարձրացնել: Փորձագետների կարծիքով՝ փաստացի՝ «Գազպրոմ»-ը կարողացել է չեղյալ հայտարարել ներքին զեղչը, որի հաշվին «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիա»-ն ներդրումներ է կատարել երկրի ենթակառուցվածքներում: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Հայաստանին գազի միակ մատակարարը «Գազպրոմ»-ն է, որի հետ «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը 2013թ. պայմանագիր է կնքել 2014-2018թթ. տարեկան մինչև 2,5 մլրդ խմ ծավալով վառելիքի մատակարարման շուրջ:
ՀՀ նախկին իշխանության օրոք կնքված պայմանագիրը լրացնող համաձայնագիրը «Գազպրոմ»-ն արդեն ստիպված է եղել կնքել ՀՀ նոր իշխանությունների հետ:
«2018թ. գարնանը տեղի ունեցած հեղաշրջումից հետո ՀՀ վարչապետ է դարձել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո պաշտոնական Երևանի հարաբերությունները ռուսական պետական կառույցների հետ բարդացել են: Նախորդ տարվա հուլիսին Պետեկամուտների կոմիտեն հարկային խախտումներ է բացահատել մի շարք գազային ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ում ու դրա դուստր ընկերություն «Ավտոգազ»-ում»,-նշում է պարբերականը:
«Գազպրոմ»-ը չի մեկնաբանում բանակցությունների արդյունքները: Ինչպես հունվարի 7-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայ սպառողների համար գազի գնի շուրջ քննարկումը կառավարությունը և «Գազպրոմ Արմենիա»-ն հունվարի 8-ին են սկսել:
Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում մանրամասնել է, որ պետության կողմից սուբսիդավորում չի լինի. գազի սակագները պահպանվելու են «ներքին կարգավորումների շնորհիվ»:
«Ռայֆֆայզենբանկ»-ից Անդրեյ Պոլիշչուկը գտնում է, որ «Գազպրոմ»-ի ու ՀՀ իշխանությունների նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթի կրճատմանը, սակայն դա կրիտիկական բնույթ չի կրի: