Որդեգրված անձը 18 տարին լրանալուց հետո իրավունք ունի իմանալու տվյալներ իր կենսաբանական ծնողների մասին։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

«Այս փոփոխությունը կատարվել է՝ ի ապահովումն անձնական կյանքի հարգանքի իրավունքի: Մինչև այդ, այն չի եղել: Անձնական կյանքի հարգանքի իրավունք ունեն նաև կենսաբանական ծնողները, և կենսաբանական ծնողները, որպես այդ իրավունքի իրացման ձև, կարող են մնալ ինկոգնիտո: Կառավարության որոշմամբ՝ այս երկու իրավունքները հավասարակշռված են, որպեսզի ապահովված լինի մեկի և մյուսի անձնական կյանքի հարգանքի իրավունքը»,-ասաց Զեյնալյանն ու ընդգծեց, որ եթե կենսաբանական ծնողները չեն տալիս համաձայնություն, ապա որդեգրված անձն իրավունք ունի ստանալու գոնե այնպիսի տեղեկություններ, որոնք բավարար են․ վերջիններս կարող են դիմել ցանկացած պետական մարմին և ստանալ տեղեկատվությունը: