Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսելու դեպքերը:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանից էթնիկ նկատառումներով Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումը այդ մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է: «Ես այդ մասին մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ գրանցվել է, մենք նման միջադեպեր ֆիքսել ենք նաև նախկինում: Մենք պարբերաբար այդ հարցը դրել ենք Ադրբեջանի ղեկավարության առաջ, ասել ենք, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում՝ սխալ և վատ ավանդույթ»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում հրապարակվել է մեծ նյութ, սակայն դա Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ նկատառումներով խտրական վերաբերմունքի առաջին դեպքը չէ: Զախարովան նշել է, որ անցած տարվա ընթացքում էթնիկ նկատառումներով Ադրբեջան այցելությունը մերժելու նվազագույնը 16 դեպք է գրանցվել: Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները ժամերով պահվել են օդանավակայանում, ինչից հետո բռնի արտաքսվել են, իսկ պաշտոնական պատճառ չի նշվել: «Նշված փաստերը մեր կարծիքով համարվում են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում»,- ընդգծել է Զախարովան:
Նրա խոսքով՝ դրանք հակասում են ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն: «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հրավիրել է ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված իրավիճակի անթույլատրելիության վրա: Մենք պահանջել ենք դադարեցնել այդ պրակտիկան: Այն չի համընկնում երկու երկրների բարեկամական հարաբերություններին»,- ասել է Զախարովան:
Նա նաև հայտնել է, որ ադրբեջանական կողմը վստահեցրել է, որ իրավիճակը շտկվելու է:
Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: Նա նշել է, որ ցանկացել է ամանորյա տոներն անցկացնել Ադրբեջանում, սակայն արդեն անձնագրերի ստուգման վայրում նրան կանգնեցրել են: Գևորգյանը նաև հայտնել է, որ բացի իրենից ևս երկու ընտանիքի թույլ չեն տվել Բաքու մտնել՝ ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով: