Հունվարի 15-ի Աժ 7-րդ գումարման երկրորդ նիստի օրակարգի հարցերից մեկը մշտական հանձնաժողովների ստեղման հարցն էր:

Նոր Ազգային ժողովը, ի տարբերություն նախորդի, կունենա ոչ թե 9, այլ 11 մշտական հանձնաժողով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը ներկայացրեց դրա վերաբերյալ որոշման նախագիծը:

Ըստ այդ նախագծի՝ երկու նոր հանձնաժողովներն են Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը: Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի ստեղծումը պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ շրջանակներում ձեւավորվում է ԵԱՏՄ իրավական ակտերի համակարգ, որը ենթադրում է ՀՀ ներպետական օրենքների, իրավական ակտերի ընդունում:

Աժ մյուս հանձնաժողովներն են՝ 

1.Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

2.Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (14 անդամ)

3.Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

4.Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ)

5.Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ)

6.Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ)

7.Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ)

8.Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ)

9.Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ)

10.Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ)

11.Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այս որոշման նախագծով առաջարկվում է, որ Գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի եւ անդամների պաշտոնների ընտրություններում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին:

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվելու է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ անդամների, ԿԲ նախագահի, նրա տեղակալների եւ ԿԲ խորհրդի մյուս անդամների թեկնածությունները ԱԺ-ում ներկայացնելու իրավասությունը վերապահվում է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության համար թեկնածությունների առաջադրման իրավասությունը վերապահվում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին: