Հետհեղափոխական Հայաստանում որքան էլ որ ցավալի է՝ չձևավորվեց քաղաքական օրակարգ: Փոխարենը մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որը բնորոշ է գրեթե բոլոր հետհեղափոխական երկրներին: Տեղի են ունենում տրանսֆորմացիոն գործընթացներ, որոնք ցանկալի է հեռու պահել ավելորդ աչքից և աստված մի արասցե՝ հանրային քննարկումից կամ հանրային օրակարգ մտնելուց:
  
Հասկանալի է, որ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում առկա են բազմաթիվ գործընթացներ, որոնք անհրաժեշտ է զերծ պահել ավելորդ աչքից: Փոխարենը, հանրությանը զբաղեցնելու համար երկրորդական կարևորություն ունեցող իրադարձությունները և տեղեկատվությունը բերվում է առաջին պլան, դրանց հաղորդվում է էմոցիոնալ ֆոն և արհեստական աժիոտաժ ստեղծվում: Օրինակները բազմաթիվ են՝ Մհեր Ենոքյանի հնարավոր համաներումը, Հնդկաստանի քաղաքացիների թվի կտրուկ աճը մեր հանրապետությունում և դրանից բխող հավանական ռիսկերը, «բաճկոնամանիան», որը վերջին օրերին դարձել է համացանցի օգտատերերի թիվ մեկ քննարկման թեման, հատուկենտ դարձած բռնոցի-բացթողոցիները նույնպես այդ ժանրից են:
  
Հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ո՞ր գործընթացներից են փորձում շեղել հանրության ուշադրությունը: Դրանք բազմաթիվ են: Օրինակ, ինչո՞ւ լայն քննարկման չի արժանանում այն փաստը, որ վաղվանից սկսվում է Արցախյան հարցի շուրջ բանակցային ակտիվ փուլը՝ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմամբ: Ինչո՞ւ որևէ մեկին չհուզեց հարևան պետության ղեկավարի տողատակով արված հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունների հետ ստվերային բանակցություններ են ընթացել: Ուշադրության չարժանացավ նաև ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հանրապետականի նշանակումը: Բացի այդ, կարծես թե հանրությանը չի հուզում, թե այդ ի՞նչ կառուցվածքային փոփոխություն է պատրաստվում կատարել կառավարությունը, որ անհրաժեշտություն է առաջացել մինչև վերջին պահը գաղտնի պահել փոփոխության նախագիծը: Համաձայնե՛ք՝ վերը նշված գործընթացները շատ ավելի խոր տողատակեր ունեն և շատ ավելի մեծ պոտենցիալ ռիսկեր են պարունակում, քան հնդիկների հավանական էքսպանսիան կամ Բենիտո Մուսոլինիի ոճով կարված բաճկոնները…
 
Ստելլա Խաչատրյան