Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին վատ նորություն է համարել Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների քվեարկության արդյունքները:
«Brexit-ի շուրջ քվեարկությունը վատ նորություն է»,- ասված է Twitter-ի նրա օգտահաշվում զետեղված հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ ԵՄ-ի քաղաքացիները, որոնք ապրում են Մեծ Բրիտանիայում, եւ Միացյալ Թագավորության քաղաքացիները, որոնք ապրում են ԵՄ-ում, իրենց ապագայի երաշխիքների կարիք ունեն: Հունվարի 15-ին երեկյան կայացած վճռական քվեարկության ընթացքում բրիտանացի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքը: 432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որն անցյալ տարվա նոյեմբերին հավանության էր արժանացել Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից 1,5 տարվա բանակցություններից հետո: Համաձայնագրի այդ նախագիծը, որի ընդունումը պնդում էր վարչապետ Թերեզա Մեյը, պաշտպանել է 202 պատգամավոր: Այսպիսով, գործարքը մերժվել է 230 ձայնի տարբերությամբ, ինչը դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենախոշոր պարտությունը վերջին 95 տարվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: