Կառավարությունը նոր որոշմամբ ուժը կորցրած ճանաչեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին» որոշումը: Ըստ հիմնավորման, 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ ստեղծվել էր «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ), որի գործունեության առարկան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը եւ վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումն է:
Որոշման 6-րդ և 7-րդ կետերով նախատեսվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման, բժշկական մասնագիտացված բաժինների, բաժանմունքների, խմբերի եւ ՊՈԱԿ-ի միջեւ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարման արդյունքներին համապատասխան՝ պետք է իրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանն ամրացվող եւ ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների տարածքում գտնվող անշարժ գույքի անհատույց եւ անժամկետ օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը:
Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի ապրիլի 19-ի հրամանով կազմավորվել է գույքի ընդունման-հանձնման աշխատանքների կազմակերպման հանձնաժողով, որի կողմից ավարտին են հասցվել համապատասխան աշխատանքները:
Գույքի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ քրեակատարողական հիմնարկների տարածքում գտնվող անշարժ գույքը, որը օգտագործվելու է ՊՈԱԿ-ի կողմից գտնվում է փակ ռեժիմային գոտում՝ քրեակատարողական հիմնարկների (նույն շենքի) տարբեր մասերում, չի հանդիսանում առանձնացված շենք-շինություն, այլ ծառայում է որպես առանձին սենյակ հատուկ պահպանվող նույն շինության ներսում, որի պատճառով չի կարող առանձնացվել:
Հաշվի առնելով, որ Որոշմամբ նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանն ամրացվող եւ ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների տարածքում գտնվող անշարժ գույքը գտնվում է փակ ռեժիմային գոտում, ինչը խոչընդոտ է հանդիսանում ինչպես տարածքների հանձնման-ընդունման, այնպես էլ ՊՈԱԿ-ի հետ անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման աշխատանքների իրականացման համար,անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Որոշման 6-րդ եւ 7-րդ կետերը:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման, բժշկական մասնագիտացված բաժինների, բաժանմունքների, խմբերի փակ ռեժիմային գոտում առկա հատուկ պահպանվող անշարժ գույքը չի առանձնացվի եւ չի հանձնվի ՊՈԱԿ-ին: