ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մանե Թանդիլյանը դժվարանում է նշել՝ ընդդիմության համար իր ղեկավարելիք հանձնաժողովի նախագահի՞, թե ԱԺ փոխխոսնակի պաշտոնն է առավել կարևոր: Հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Թանդիլյանին այսպիսի հարցադրմամբ դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը:
«Ազդեցությունները հավասար են, բայց տարբեր. մեկը քաղաքական է, մյուսը՝ մասնագիտական: Անկախ նրանից, թե որ պաշտոնում կլինեմ, այդ պաշտոնի գործառույթներն ամբողջովին իրականացնելու եմ, և այդ վերահսկողական և ազգային ժողովին բնորոշ պարտականությունները լավագույնս իրացնելու եմ: Երբ շեշտում եք ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողի՝ երբեք ընդդիմության չպատկանելու մասին, ապա այնտեղ դարձյալ գերակշիռ մասը լինելու են իշխող ուժի պատգամավորները: Եվ այնտեղ առանձնահատուկ հենց հանձնաժողովի ղեկավարի գործառույթն ամենաազդեցիկը չէ այն առումով, որ կազմակերպական, որոշ հայեցողական գործառույթներ նույնպես կան, բայց կապ ունի պատգամավորի գործունեությունը, նվիրվածությունն ու գործի մեջ ամբողջովին ներդրվելու ունակությունը: Սա է այն, ինչ պետք է անի պատգամավորը՝ անկախ նրանից, թե որ պաշտոնում է, և ինչ լրացուցիչ գործառույթներ ունի»,- ասաց Թանդիլյանը: