Վերջին շրջանում շարունակ լուրեր են պտտվում, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ազատվելու է պաշտոնից և նշանակվելու ՀՀ ոստիկանապետ, իսկ Պողոսյանին այդ պաշտոնում փոխարինելու է նրա տեղակալ, ՔՊ անդամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը:
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Նարեկ Բաբայանը հերքեց տեղեկությունները։ 26-ամյա երիտասարդ պաշտոնյան, որը մասնագիտությամբ ինժեներ-շինարար է և վարկային բաժնի մասնագետից դարձել է փոխմարզպետ՝ նկատեց, որ առաջարկ ստանալու դեպքում կմտածի այդ մասին․ «Ո՛չ, նման առաջարկ ու քննարկում չի եղել, երբ առաջարկ լինի դրա մասին՝ կմտածեմ: Ներկա պահին Սյունիքի մարզպետը պարոն Պողոսյանն է»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված նման խոսակցությունները․ ինչպես ասում են՝ «առանց կրակ ծուխ չի լինում», Բաբայանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ սա այդ տարբերակը չէ, և խոսակցությունները հիմք չունեն»։
Իսկ հնարավո՞ր է այլ պաշտոնի անցնի, Բաբայանը նկատեց, որ ինքը վայր է դրել մանդատը Սյունիքում մնալու և աշխատելու համար։
Նշենք, որ Պողոսյանն էլ ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունը, պնդելով, որ այդ թեմայով խոսել չի ցանկանում:
Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն չստանալով բավարար ձայներ, պարտվել էր:
Սոնա Հարությունյան