Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի պաշտոնը կռվախնձոր է դարձել․ նախկին ու նորանշանակ տնօրենները պնդում են՝ մեղավորը Մշակույթի նախարարությունն է, որն իրականում պետք է լիներ խնդրին լուծում տվողը։
Շուրջ 8 տարի Խորեոգրաֆիայի պետական թատրոնը տնօրինող Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը Մշակույթի նախարարությունը հրաժարվել է երկարաձգել և դեկտեմբերի 28-ին տնօրեն է նշանակվել բալետի պարուհի Լիլիթ Փալանջյանը։ Հունվարի 9-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրենի առաջ բացվել են ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցների միջոցով և փոխնախարար Նազենի Ղարիբյանի ներկայությամբ: Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը մեկնած է եղել ԱՄՆ՝ իր հետ տանելով նաև թատրոնի կնիքը։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Խորեոգրաֆիայի թատրոնի նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի պատճառով չի գնում աշխատանքի․ «Երևի մեկ անգամ եմ եղել թատրոնում: Պատճառը տեղի ունեցող իրադարձություններն են։ Խնդրին լուծում տվողը նախարարությունն է, սպասում եմ, մինչև իրենք կարգավորեն ստեղծված իրավիճակը, որ կարողանանք աշխատել։ Մինչև հիմա ընդունում-հանձնում չի եղել, կնիքն էլ ինձ մոտ չէ։ Երբ առաջին փոխնախարարը ինձ հետ եկավ անձնակազմի հետ ծանոթացնելու, նախ նրանք չէին եկել ինձ հետ հանդիպման, հետո պարզվեց՝ դուռը փակ է և նախարարության որոշմամբ՝ դուռը բացվեց ոստիկանության և ԱԻՆ-ի միջամտությամբ»,- ասաց նա ՝ նշելով՝ թեև նախկին տնօրենի հետ հանդիպել են, բայց իրենց միջև զրույց չի եղել։
Նա նշեց՝ նշանակումը տեղի է ունեցել նախարարության որոշմամբ, ինքը վաղուց է ծրագիր ներկայացրած եղել և ըստ դրա էլ, ըստ երևույթին՝ որոշում են կայացրել։
Մեզ հետ զրույցում Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն իր դժգոհությունը հայտնեց Մշակույթի նախարարությունից՝ նշելով, որ արդեն դատական գործընթաց է սկսել վերջինիս դեմ։ Նրան վրդովվեցրել է, որ այնտեղից իր աշխատանքից ազատման մասին պատշաճ չեն ծանուցել․ «Ես ստացել եմ ծանուցում, որ իմ պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 28-ին, և որ ժամկետը կարող է չերկարացվել: Առանց ծանուցման, որ ազատված եմ աշխատանքից, թատրոն է ներկայացել նոր տնօրենը և պահանջել հանձնել կնիքը։ Աղջկան ևս հիմար վիճակի մեջ են դրել։ Զավեշտը նրանում է, որ հայտարարում են՝ հին տնօրենները չպետք է լինեն, բայց կարող է հին տնօերնը մրցույթի մասնակցել: Ի՞նչ է սա նշանակում։ Ամբողջ խնդիրն էլ նրանում է, որ մրցույթ չի եղել, իրենք ընտրել են այդ աղջկան, իմ հրամանն էլ կա նրա ձեռքին, բայց ես չունեմ։ Ես, հետևելով հրապարակումներին, տեսա, որ աղջկա ասածները հակասում են իրար՝ մի տեղ ասում է, որ ինքը ծրագիր չունի, մեկ ուրիշ տեղ ասում է՝ ծրագիր է ներկայացրել՝ նախարարությունը հրավիրել է։ Եթե այս ամենը նախապես կազմակերպված չէր, ո՞նց կարող էր մի աղջիկ օրեր առաջ ծրագիր ներկայացնել, ի՞նչ իմանար՝ ինձ ազատո՞ւմ են, թե՝ ոչ»,- պարզաբանեց Կարպետյանը՝ հավելելով, որ իր ազատման հրամանը ստորագրել է մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:
Ըստ նախկին տնօրենի՝ ամեն ինչ նախապես պլանավորած է եղել, ինչը արշավ է թատրոնի դեմ․ «Մարդուն ընդունել են, հետո որոշել են ինձ ազատել: Սա կազմակերպված է եղել, որը կպարզի դատարանը»։
Թատրոնի ամբողջ անձնակազմը ևս դժգոհ է՝ նշելով, որ թատրոնը ցանկանում են վերափոխել բալետային թատրոնի, ինչի արդյունքում իրենք առանց աշխատանք կմնան, քանի որ իրենք բազմաժանր ստեղծագործողներ են։
Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն այս առնչությամբ հայտարարել է, որ ոչ մի անօրինական բան տեղի չի ունեցել․ «Նշանակում ենք մեկ այլ ժամանակավոր պաշտոնակատարի, որպեսզի նա կարճ ժամանակահատվածում կարողանա մեզ ցույց տալ՝ թատրոնի հետ մի բան կարելի՞ է անել, թե՞ լուծարվելու է: Ես ցանկանում եմ փրկել թատրոնը, որի հիմնական ուղղվածությունը լինելու է մանկական ներկայացումները։ Լրացուցիչ գումար ենք տալիս, ուղարկում մարզեր: Բայց մարզերից գալիս են, լրացուցիչ ներկայացումները դնում պլանի մեջ, ներկայացնում մեզ: Մինչև հիմա աչք են փակել, ես չեմ փակում»,- նշել է նա։
Անդրադառնալով աուդիտին՝ Մշակույթի նախարարի տեղակալն ասել է, որ դրանով չի վախեցրել. «Ասել եմ՝ նույնիսկ ձեզ փրկում եմ, եթե լինեք, ու աուդիտ ուղարկենք, ավելի վատ կլինի ձեզ համար: Աուդիտը, ի դեպ, հաստատ լինելու է: Մենք պետք է հասկանանք, թե այսքան տարի այդ թատրոնն ինչով է զբաղվել»,- նկատեց Նազենի Ղարիբյանը:
Նախկին տնօրենը սուտ որակեց Նազենի Ղարիբյանի հայտարարությունները, թե մարզերի բոլոր ծախսերը կրկնակի վճարել են․ «Ընդամենը մեկ անգամ Գյումրիի ճանապարհածախս և դահլիճի վարձակալության համար են վճարել։ Ինչ վերաբերում է սուբսիդիային, ապա Ղարիբյանը դրա մասին գաղափար չունի, երբ մեր սուբսիդիան 27 մլն է, ինքը հայտարարում է, թե 33 մլն է։ Իրենք անգամ չգիտեն՝ իրենց գործառույթները ինչպես կանոնակարգեն։ Տեղյակ չեն թատրոնից, գոնե մեկ անգամ ստեղ լիներ՝ հասկանար նորանշանակ մարդուն ուր է բերելու։ 7 ամիս՝ թե՛ իրեն, թե՛ Մակունցին հրավիրել ենք այստեղ: Վերջինս ընդհանրապես մոռացած էր թատրոնների մասին, Ղարիբյանն էլ այդ ոդիսականով շարունակում է»,- ընդգծեց Գայանե Կարապետյանը։
Սոնա Հարությունյան