ՀՀ-ում որդեգրման գործընթացի ոլորտում գործ ունենք մաֆիայի հետ: Կառավարության՝ 2019թ. հունվարի 10-ի նիստում նման հայտարարություն արեց այժմ ԱԺ նախագահ, իսկ այն ժամանակ՝ դեռ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով՝ «որոշ կեղծ մարդիկ որդեգրում են երեխաների, այնուհետև նրանց զրկում երիկամից»։
Միրզոյանի այս հայտարարությունը, սակայն, հերքեցին թե′ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, և թե՛ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Միայն ունեցել ենք երեխայի առքուվաճառք»,-ասել է գլխավոր դատախազը։
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել էր նաև Երեխաների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամի նախագահ Կարինե Անտոնյանի հետ, ով նշել էր, որ թե՛ երեխաների, և թե՛ նրանց օրգանների առուծախի բիզնեսը դեռևս կա և որևէ կերպ չի վերահսկվում:
ՀՀ ոստիկանությունը վերջին 10 տարիների ընթացքում երեխաների օրգանների առքուվաճառքի և, առհասարակ, նրանց թրաֆիքինգի դեպքերի թվի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի՝ 2019թ. հունվարի 11-ին ուղարկված հարցմանն այսօր ոստիկանությունից պատասխանեցին, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օրգաններ և հյուսվածքներ վերցնելու ձևով երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման դեպք չի արձանագրվել, այդպիսով՝ ակնհայտորեն հերքելով նախկին փոխվարչապետ, իսկ այժմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը:
Ոստիկանությունից նաև նշեցին. «Միաժամանակ հայտնում ենք, որ նույն ժամանակահատվածում երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածների հատկանիշներով հարուցվել է 17 քրեական գործ»։
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ