Նախատեսվում է Երևանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։
Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
«Մենք չենք ուզում տարածվել և ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետև ֆինանսական բավականին մեծ ծախսեր են՝ կապված այդ կառույցի հետ: Մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ, հետագայում դա կշարունակվի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»,-ասաց Մեսչյանը։
Մեսչյանն անդրադարձավ ճոպանուղու կառուցման ծրագրին, որը պետք է կապի Նոր Նորքը քաղաքի կենտրոնի հետ. «Նորքի մասիվը ճոպանուղիով կկապվի քաղաքի կենտրոնի հետ։ Այս նախագիծն ավելի արագ կիրականացվի, քան՝ մետրոյի կայարան կառուցելը, քանի որ ավելի համեստ ծախսեր է պահանջում»,-ասաց Արթուր Մեսչյանը: