2023-ի հունվարի 12-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մեկնարկել են «երկու կարևոր ավտոճանապարհային նախագծերի իրականացման աշխատանքները, որոնցով Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների բնակիչների համար կկառուցվեն Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ»։

Ըստ Ավինյանի՝ Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա, որտեղ լինելու է նաև ուղեանց (էստակադա):

«Շինարարական փուլը նախատեսել ենք սկսել հունիս ամսին, իսկ արդեն տարեվերջին մեր քաղաքացիները կերթևեկեն նոր ճանապարհով: Ուղեանցի նախագծային և շինարարական փուլերը նույնպես այս տարի կմեկնարկեն»,- ասել էր Ավինյանը։

ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնեցին, թե նոր ճանապարհ կառուցելու համար պատվիրվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք գտնվում են փորձաքննության փուլում:

Ավինյանը նաև խոստացել էր, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին:

«Շինարարական աշխատանքները կսկսենք այս ապրիլին, և հունիսից մարաշցիները կօգտվեն այդքան անհրաժեշտ ճանապարհից»,- նշել էր նա։

Ոչ հունիսին, ու ոչ էլ ներկայում, սակայն, մարաշցիները այդ ճանապարհից չեն օգտվում։ Այս ճանապարհի կառուցման համար մի քանի մրցույթ է հայտարարվել, որոնցից երկուսը չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով։

Դեռ մայիսի 8-ին գործակարգավարական խորհրդակցության նիստին Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հայտնել էր, որ այս ճանապարհի կառուցման առաջին մրցույթը չի կայացել ու նորն են հայտարարել։ Ավինյանի ճշտող հարցին, թե արդյոք վերլուծել են պատճառը՝ ինչու մասնակից չի եղել, Գրիգորյանը բացասական պատասխան էր տվել, սակայն նույն ընթացակարգով կրկին մրցույթ էին հայտարարել։ Արդյունքում այս մրցույթն էլ չէր կայացել ու միայն երրորդով հաղթող է ճանաչվել միակ մասնակիցը՝ Արհովշին ՍՊԸ-ն։

Այս ընկերությունը ճանապարհը պետք է կառուցի 472,7 մլն դրամով:Գրավոր հարցմամբ նաև խնդրել էինք մեկնաբանել, թե ինչու և ում խորհրդով էր փոխքաղաքապետը նման խոստումներ տալիս։ Քաղաքապետարանից պատասխանեցին, թե «ենթադրվում էր, որ ընթացիկ աշխատանքներն ավելի արագ կընթանան, մասնավորապես առաջին անգամ հայտարարված մրցույթում հաղթող ընկերություն կճանաչվի»։