ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այն քրեական գործերը, որոնք հարուցվել են «Մարտի 1-ի» գործով, հարված են հասցնում Զինված ուժերին, հայտարարել է՝ «Իհարկե, Զինված ուժերի տրամադրության վրա ազդում է, բայց մենք հաղթահարում ենք և անում ենք առավելը»: Փաստացի, Դավիթ Տոնոյանը կրկնում է այն նույն մտահոգությունը, որը օրեր առաջ հայտնել էր ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
ՊՆ ղեկավարի կողմից սա նուրբ ակնարկ էր Նիկոլ Փաշինյանին, որ վերջինիս քաղաքականությունը, համենայն դեպս՝ այս հարցում՝ այնքան էլ ճիշտ չէ: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Պնախարարի և վարչապետի կարծիքները չեն համընկնում: Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանեց Հայաստան, նա խոսք բացեց նաև Հայաստանի կողմից ԱՄՆ-ից զենք գնելու գործընթացի մասին: Նման հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է դիտարկել ամերիկյան զենք գնելու հնարավորությունը, եթե լինի շահավետ առաջարկ: Նույն հարցին անդրադարձավ նաև նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և հայտարարեց, որ այս պահին ամերիկյան զենք գնելու անհրաժեշտություն չկա։ Դրա հետ մեկտեղ Տոնոյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ չի քննարկվել զենք գնելու հարցը, և նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի կողմից չի եղել որևէ առաջարկ:
Գլխավոր հարցը կայանում է նրանում՝ արդյոք Տոնոյանի հակադրվելը Փաշինյանին՝ ինքնաբո՞ւխ է, թե՞ գծված ստրատեգիայի մի մաս է, երբ, օրինակ, վարչապետը կարող է խոսել ամեն գնով բոլորի հետ խաղաղություն պահպանելու՝ Հայաստանի պատրաստակամությունից, իսկ Պնախարարը իր հերթին հիշեցնել է նաև ուժի լեզվով խոսելու՝ մեր հնարավորության մասին:
Եթե ամեն դեպքում, Տոնոյանը, լինելով սկզբունքային գործիչ, նախընտրում է հարկ եղած դեպքում հակադարձել Փաշինյանին, ապա դրա համար նա կարող է քաղաքական լուրջ գին վճարել: Վերջերս «նորակոչիկների ավտոբուսի» հայտնի դեպքից հետո եղան տեսակետներ, որ այդ պատահարն այնքան էլ «պատահական» չէր և ավելի շուտ կազմակերպված ակցիա էր՝ ընդդեմ հենց Դավիթ Տոնոյանի, ով Փաշինյանի կառավարությունում թերևս ամենաբարձր վարկանիշ ունեցող նախարարն է, իսկ դա, համաձայնեք՝ որոշ մարդկանց համար մտահոգվելու առիթ է…