Հռոմի Ֆրանցիսկոս պապը խորը մտահոգություն է հայտնել՝ կապված Վենեսուե;այում արյունահեղության հնարավորության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես իմ աջակցությունն եմ հայտնում Վենեսուելայի ժողովրդին, որը տառապում է»,- ասել է Ֆրանցիսկոսը լրագրողների հետ զրույցում՝ Պանամա մեկնելիս:

Նա ընդգծել է, որ Վենեսուելայի բոլոր կաթոլիկների հոգևոր հովիվն է ու հանդես է գալիս որպես նրանց շահերի պաշտպան:

Վենեսուելայում հունվարի 18-ից բողոքի ակցիաներ են սկսվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով հերթական նախագահական ընտրություններից հետո հունվարի 10-ից վերստին ստանձնել էր երկրի ղեկավարի պաշտոնը: Խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին ինքն իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար՝ ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում:

Երկրում այս օրերին շարունակվող ցույցերի հետևանքով զոհերի թիվն անցնում է մեկ տասնյակը:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ընդունում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ում նրանք չեն համարում երկրի օրինական ղեկավար, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ: Գուաիդոյին որպես Վենեսուելայի ղեկավար ԱՄՆ-ից բացի ճանաչել են նաև Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ:

Վենեսուելայի պաշտպանության նախարարը կատարվածն անվանել է երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում: