Անցած գիշեր ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա փակցվել են թուրքական մեկ տասնյակը գերազանցող դրոշներ: Սա հայ համայնքի հանդեպ դրսևորված աննախադեպ ատելություն է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Հայտարարությունում նշվում է, որ արդեն իսկ տեղի ոստիկանության կողմից այն բնութագրվել է՝ որպես «Ատելության հիմքով հանցագործություն»:

ՀՀ սփյուռքի նախարարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը հայ համայնքի հետ անմիջական կապի մեջ է, խոսել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ տնօրենների, համայնքային կառույցների ղեկավարների ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսի հետ, որոնք էլ տեղեկացրել են՝ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում աշակերտների անվտանգությունն ապահովելու համար:

Նախարարությունը կանգնած է հայ համայնքի կողքին, միանում է կոչին և հույս հայտնում, որ տեղի իրավապահ մարմինները հետամուտ կլինեն միջադեպի ամբողջական բացահայտմանը, կբացառեն նման դեպքերի կրկնությունը:

Խստորեն դատապարտում ենք ատելության, անհանդուրժողականության և անօրինության հողի վրա իրականացվող նման արարքները:

Հայ դպրոցը հայպահպանության հիմնասյուներից է, ուստի հայկական կրթօջախների նկատմամբ նման ոտնձգությունները համարում ենք անընդունելի ու դատապարտելի՝ վստահ ենք, որ դպրոցը պետք է լինի ամենանվտանգ վայրն ամբողջ աշխարհում: