Պրոֆեսիոնալ հանցագործները միշտ էլ տարբերվել են, նրանց համար տարբերություն չկա, թե ում տուն են մտնում, կարևորը արդյունքն է: Այս մասին Այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանության 2018 թվականի  աշխատանքներն ամփոփելիս անդրադառնալով այն թեմային, որ վերջերս թալանել են անգամ վերահսկիչ պալատի նախագահի, դատախազի և այլ պաշտոնատար անձանց տները, ասաց ՀՀ Ոստիկանության շտաբի պետ,  գնդապետ Արմեն Ղուկասյանը: 

«Նախատեսվում է միջոցառումների ծրագիր, որը շատ շուտով կներկայացվի հանրությանը և կընդունվի կառավարության կողմից: Ոստիկանության պետի կողմից հանձնարարվել է, որ մենք վերահսկողություն անցկացնենք հանցանք կատարած անձանց նկատմամբ: Վերջին համաներմամբ ազատ էր արձակվել 581 մարդ, որից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն: Ընդ որում՝ մեկը՝ ավազակություն, 28-ը՝ գողություն, որից տասը՝ բնակարանային և այլն»,-ասաց Ղուկասյանը:

Ղուկասյանն անդրադարձավ կրկնահանցագործությունների և համաներման կապին, թե արդյո՞ք դրանք փոխկապակցված են:

«Նման հետազոտություն ոստիկանությունում արվել է տասը տարի առաջ և այդ արդյունքները ցույց են տալիս, որ համաներումից հետո հանցագործությունները լինում են բավականին շատ: Ամեն դեպքում՝ կապ կա համաներման և հանցագործությունների միջև, սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ այդ մարդասիրական քայլը, որ պետությունը հանդես է բերում հանցագործների նկատմամբ, սխալ մոտեցում է»: