«Նաիրիտ»-ի հարցը շատ զգայուն հարց է: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե նա, որպես նախարար, ստացե՞լ է ներդրումային որևէ առաջարկ:
«Մենք ունեցել ենք քննարկում այն անձանց հետ, ովքեր հանդես են գալիս այդ նախաձեռնության կողմում. իրենք ունեն տեսակետներ, բայց դրանք շատ վաղ շրջանում են եղել, այսինքն՝ ասել, որ կա ներդրումային առաջարկ՝ մի քիչ ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակը ներկայում: Բայց այն քննարկումները, որոնք կատարվում են, գտնվում են բավականաչափ մասնագիտական հարթության մեջ: Այդ ծրագրի օգտին խոսացող կողմը տիրապետում է և տեխնոլոգիական, և կազմակերպչական հստակ փորձառության»,-ասաց Խաչատրյանը:
Հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ չինացի ներդրողներ են հայտնվել «Նաիրտ»-ում, Խաչատրյանը պատասխանեց, որ տեղեկացված չէ:
«Գիտեմ, որ իրենք նույնպես այդպիսի հետաքրքրություն ունեն, բայց թե մանրամասները ինչպիսիք են, նախարարությունում քննարկված չեն եղել»,-նշեց Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե, այնուամենայիվ, պետությունը շահագրգռվա՞ծ է, որ վերաբացվի «Նաիրիտ»-ը, Խաչատրյանը պատասխանեց. «Պետությունը պատրաստ է քննարկել զարգացման բոլոր նախաձեռնությունները: Միայն այն հիմքով, եթե դա իրատեսական է, քանի որ «Նաիրիտ»-ի հարցը շատ զգայուն հարց է»: