«Սա արտառոց դեպք է, ամենախիստ ձևով պատժեք մեղավորին»,-այսօր այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի էր ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզմանը:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ, որը հույս ունի՝ մեղավորը կպատժվի, սակայն առաջին հերթին պետք է պարզել, թե ում է պատկանում սույն տարածքը, որտեղ տեղի է ունեցել փլուզումը:
«Տարածքի տիրոջը գտնելուց հետո արդեն կկարողանան գտնել մեղավորին կամ մեղավորներին, որոնք պետք է պարտադիր պատժվեն: Դժվար է ասել իրականում կպատժվեն, թե ոչ: Իսկ տեղի ունեցած իրավիճակի պատճառն էլ հերթական անփութությունն է, թերևս, ոչ մի դիտավորություն չեմ տեսնում: Ցավալի է, սակայն պետք է նշել, որ նման դեպքերի կհանդիպենք այնքան ժամանակ, մինչև դրանց վերջնական լուծում չտրվի, չնայած որ հազվադեպ պատահող իրողություններ են»,- նկատում է նա:
Ավագանու անդամը դժգոհում է նաև, որ Երևանի քաղաքապետարանում համապատասխան աշխատանքներ չեն իրականացվում, արտառոց դեպքերից խուսափելու համար ու նմանօրինակ անփութություններն իրականում շատ են:
«Խնդիրների լուծման համար կարևոր է, որ քաղաքապետարանն աչալուրջ լինի դրանց նկատմամբ ու հասկանա, թե քաղաքում խնդրահարույց ինչ կետեր կան, որոնք խնդիրներ կարող են առաջացնել: Ճիշտ է, որոշակի գործողություններ արվում են, սակայն բավարար չեն: Երևան քաղաքի ավագանին էլ այս մասով՝ չունենալով որևէ լիազորություններ, իր հերթին բարձրաձայնում է նման խնդիրների առկայության մասին, որպեսզի դրանք լուծվեն»,- ասաց նա: