Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Տիգրան Սարգսյանը խոսեց «Նաիրիտ» գործարանի և օֆշորային սկանդալի մասին:

«Գործարանի խնդիրն արդեն բավական երկար ժամանակ ԶԼՄ-ները սցենարներ են գծում և փորձում են այդ ամենը կապել վարչապետի անվան հետ: Բոլոր ծրագրերը, որոնք «Նաիրիտ»-ի հետ առնչվում են, ունեն հիմք. դրանք կառավարության որոշումներ են՝ 2001 և 2006 թվականների, երբ կառավարությունը ստորագրել է պայմանագիր «Ռեյնովիլ» ընկերության հետ: Դրանից հետո էլ բոլոր գործարքների վերաբերյալ ինչ գործարքներ եղել են, ինչ պայմանագրեր ստորագրվել են, ես հանձնարարել եմ, որ ամբողջական փաթեթը տրամադրեն ԶԼՄ-ներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիաներ չլինեն», - ասաց վարչապետը:

Գործադրի ղեկավարը խոսեց նաև օֆշորային սկանդալի մասին:

«Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբերել։ Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու ԶԼՄ-ներին, և այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմինները զբաղբում են այդ հարցով։ Ես համոզված եմ, որ որևիցե անպատասխան հարց չի մնալու»,-ասաց Տիգրան Սարգսյանը: