«Խոստանում եմ ձեզ, որ այսւոհետեւ ավելի ուշադիր կլինեմ այդ հարցի նկատմամբ»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու սեպտեմբերի 3-ին Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին հայտարարությունից հետո վարչապետը հաճախ ռուսերենով է ելույթ ունենում՝ անտեսելով «Լեզվի մասին օրենքը»։

 

Տիգրան Սարգսյանը համաձայնեց լրագրողի դիտարկումներին, այնուհետեւ ուշադրությունը հրավիրեց մի հանգամանքի վրա. «Ձեր հիշատակած միջոցառումից առաջ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել անգլերենով, որեւէ մեկը ինձ դիտողություն չի արել, թե ինչու եմ անգլերենով կառուցում ելույթներս։ Կա ռուսերեն լեզվի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում, դա օբյեկտիվ է եւ հասկանալի է, որովհետեւ անգլերենի տարածվածությունը մեր հանրության շրջանում այդքան մեծ չէ, դրա իմացությունից վտանգներ չի զգում մեր հասարակությունը այն պարագայում, երբ Սովետական միության տարիներին ռուսերենը գերիշխում էր եւ հայերենը զիջել էր իր դիրքերը ռուսերենին։ Այդ հիշողությունը պահպանում է զգոնությունը եւ մենք պետք է ուշադիր լինենք մեր մայրենիի նկատմամբ, ես նույնպես ապագայում ավելի ուշադիր կլինեմ այդ հարցին»,- ասաց Տիգրան Սարգսյանը։