Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը' Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի վերաբերյալ:

 

«ՍԴ-ն կուտակային համակարգի օրենքների որոշ դրույթներ համարեց հակասահմանադրական և տվեց ժամանակ մինչև սեպտեմբերի երեսունը շտկելու այդ հատվածները: Այսօր ես ձևավորելու եմ աշխատանքային խումբ, և դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին, բոլոր շահագրգիռ մարմինների հետ ներկայացնելու ենք ԱԺ-ին օրենսդրական փաթեթ, որը հաշվի է առնելու բոլոր այն նորմերը, որոնք սահմանված են Սահմանադրական դատարանի որոշման մեջ, որպեսզի շտկենք օրենսդրությունը և վերացնենք հակասահմանադրական նորմերը: Բացառիկ հնարավորություն է նաև քաղաքացիական հասարակության համար մեզ հետ մասնակցել օրենսդրական այս փոփոխությունների մշակմանը' նպատակ ունենալով բարելավվելու գործող համակարգը»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Վերջինս դիմեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ակտիվիստներին' երկխոսության:

 

«Դիմում եմ քաղաքացիական հասարակությանը, այն ակտիվիստներին, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահել պարտադիր կուտակային համակարգի օրենսդրությունը, հրավիրում եմ նրանց երկխոսության: Մենք ակնկալում ենք երկխոսության սկիզբ և օրենսդրության կատարելագործում»,-ասաց գործադիրի ղեկավարը:

 

Վարչապետի խոսքով' ինչպես ինքն է հասկացել ՍԴ որոշումից, օրենքը պետք է գործի մինչև սեպտեմբերի 30-ը. «Մենք պետք է մինչև այդ ժամկետն այդ հակասահմանադրական ճանաչած նորմերը վերանայենք»,-ասաց Սարգսյանը' դիմելով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին. «Ճիշտ է, պարո′ն Թովմասյան»:

 

«Ճիշտ եք, պարո′ն վարչապետ: ՍԴ-ի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետն է, համաձայն որի, որ նման պարագաներում օրենքը համարվում է Սահմանադրական մինչև նրա ուժը կորցնելը»,-ասաց Թովմասյանը: