Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ օրեր առաջ ցրտահարության հասցրած վնասներին:

 

«Փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ մի քանի խորհրդակցություններ են եղել այս թեմայով, և երկու-երեք օրվա ընթացքում կամփոփենք արդյունքները: Շուրջ 11 500 հեկտարի վրա մենք արձանագրել ենք վնասներ: Այսօր մարզպետները և գյուղնախարար Սերգո Կարապետյանը մանրակրկիտ ուսումնասիրում են ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել վնասի ծավալները, որպեսզի մեր կողմից օգնությունը և օժանդակությունը լինի առարկայական: Դեռևս մենք ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որոնք հասցվել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի: Մենք դիմել ենք Կենտրոնական բանկին, որպեսզի ֆինանսական խնդիրները քննարկվի»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ իրենց կողմից արդեն իսկ ուսումնասիրություններ արվել են տարբեր տեղերում:

 

«Աշխատանքներ են տարվում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, և մի քանի օրից ամբողջական պատկերը ձեզ կներկայացնենք: Կարող եմ ասել, որ 6 մլրդ վարկային ներդրումների մասին է խոսքը», - ասաց Ջավադյանը:

 

Վերջինիս արձագանքելով' Տիգրան Սարգսյանն ասաց. «Ինչպես անցած տարի օգնություն եղավ Արմավիրի մարզում, մենք օգնեցինք գյուղացիական տնտեսություններին վարկային միջոցներով, այս տարի նույն գործիքը կօգտագործենք պետական բյուջեն կաջակցի, որպեսզի օգնենք գյուղացիական տնտեսություններին»: