Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցրեին անցնելը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությանը:
«Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումների մասին, որ խոսում էր Վերահսկիչ պալատը, գործերն անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին և տրվեն պատասխաններ: Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ես ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետն այն մասին, որ պետական բյուջեի միջոցները եբրևէ մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ:
ՎՊ-ն խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն պրոցեդուրաները, թե ինչպես է ներկայացվում ՎՊ-ի հաշվետվությունը Ազգային ժողովում:
ՎՊ-ն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով: ՎՊ-ն պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը դա Ազգային ժողովի և գործադիր իշխանության ֆունկցիաներն են: Մենք Ձեզ հետ միասին այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները ՎՊ-ի կողմից ներկայացված նյութերի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցինք ՎՊ-ին համատեղ աշխատանքի համար, բայց այն ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում, և այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է և կոռումպացված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստած յուրաքանչյուրիդ:
Ես հանձնարարում եմ Ձեզ բոլորիդ և պահանջում ձեզանից, որ որևիցե մեղադրանք, որ հնչել է Ձեր հասցեին, անպատասխան չմնա, դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին, կամ հերքել, կամ պատրաստել նյութեր և այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են, և դուք դրա համար պետք է կրեք պատասխանատվություն», - ասաց Տիգրան Սարգսյանը: