Ազգային ժողովն այսօր սկսեց արտահերթ նիստի աշխատանքները։ Նիստում շարունակվեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումը։
Ելույթով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Հաշվետության ներկայացրած բոլոր դրվագները կառավարությունում մանրամասն ուսումնասիրվել են և մեկառմեկ քննարկվել։ Արձանագրված յուրաքանչյուր խնդրի հետ կապված՝ կան կոնկրետ մոտեցումներ, որոշումներ, և դրանց իրականացման ընթացքը գտնվում է կառավարության անմիջական վերահսկողության ներքո։ ՎՊ-ի ինչպես ամփոփիչ, այնպես էլ՝ ընթացիկ հաշվետվություններում արտացոլված խնդիրների և թերությունների վերաբերյալ շահագրգիռ պետական մարմինների բոլոր պարզաբանումները տեղադրված են նաև կառավարության պաշտոնական կայք-էջում», - ասաց Գևորգյանը։
Վերջինս անդրադարձավ նաև ՔԱԺ դահլիճում անցած շաբաթ ՎՊ-ի հաշվետվության վերաբերյալ հնչեցրած մի շարք հարցադրումներին և գնահատականներին.
«Պետք է նկատենք, որ խնդիրները միայն 2012 թվականին չեն արձանագրվել։ Դրանք արմատացած են տասնամյակների ընթացքում, իսկ վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են իրականացվել օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։ Ներկայումս մեր օրենսդրությունը նվազագույնի է հասցնում ռիսկերը։ Չենք կարող համաձայնել այն կարծիքների և գնահատականների հետ, որ բյուջեի կատարման ընթացքում տեղի է ունենում միջոցների լայնածավալ փոշիացում, և բյուջետային հիմնական գործընթացներն իրականանում են մասշտաբային կոռուպցիոն դրսևորումներով։
Հաշվետվությունում արձանագրված բոլոր խնդիրների մասով համապատասխան միջոցներ իրականացվել են: Այլ հարց է, որ ներկայիս օրենսդրությամբ նման դեպքերի համար պատասխանատվությունը տնտեսական կամ քաղաքացիաիրավական բնույթ է կրում, այսինքն՝ գումարների վերականգնում, թերությունների շտկում, տուգանքներ՝ բացառությամբ մի քանի դեպքերի, երբ գործողություններն ակնհայտորեն քրեօրեն պատժելի արարքներ են պարունակում», - նշեց փոխվարչապետը։
Արմեն Գևորգյանը հավաստիացրեց, որ Վերահսկիչ պալատի կամ գործադիրի համապատասխան կառույցների կողմից արձանագրված որևէ դեպք անհետևանք չի մնացել և չի մնա։