ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ հունիսի 13-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատություններում, ինչպես նաև մարզային սոցիալական ծառայություններում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքների և արձանագրված խախտումների հետ կապված հարցեր: Փոխվարչապետն անթույլատրելի է համարել նշված հաստատություններում խախտումների դեպքերը և մարզպետներին առաջարկել է սեղմ ժամկետներում քննության առնել արձանագրված փաստերը, պարզել պատճառները, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

 

Խորհրդակցությանը ներկայացվել են հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները, ինչպես նաև համայնքների աշխատավարձի գծով պարտքերի վերաբերյալ տվյալներ: Նշվել է, որ 2014թ. ընթացքում պարտքեր են կուտակվել մի շարք մարզերում, ընդհանուր' 17,3 մլն դրամի չափով: Փոխվարչապետն անթույլատրելի է համարել ընթացիկ պարտքերի կուտակումը' նկատելով, որ հուլիսի 1-ից նախատեսվում է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացում, և համայնքներում պետք է առավելագույն ուշադրություն դարձվի բյուջետային կարգապահությանը' նախատեսված ծրագրերը և ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ և ողջ ծավալով իրականացնելու համար: Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է խնդիրը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:

 

Ներկայացվել են նաև Արագածոտնում, Գեղարքունիքում և Շիրակում հատկապես հողի հարկի հավաքագրման գործընթացում հարկատուների ներգրավվածության վերաբերյալ վերլուծության արդյունքները: Փոխվարչապետը համապատասխան մարզպետների ուշադրությունը հրավիրել է տվյալներին՝ ընդգծելով բոլոր հարկատուների նկատմամբ հավասար մոտեցում կիրառելու անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ այս ոլորտում վարչարարության բարելավման առումով անելիքներ կան, և խնդիրը գտնվելու է Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում:

 

Անդրադարձ է եղել նաև գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից ՊՈԱԿ-ների կամ ՀՈԱԿ-ների վերակազմակերպման գործընթացին, ինչպես նաև մարզային ենթակայության կրթական եւ առողջապահական հաստատությունների կառավարման արդյունավետության հետ կապված հարցերի:

 

Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով սահմանված պահանջների կատարման խնդրին՝ ընդգծելով, որ կառավարությունը կարևորում է օրենքով նախատեսված մոտեցումների պահպանումը՝ առանց որևէ վերապահման կամ բացառությունների: Նա առաջարկել է կառավարության դիրքորոշումը փոխանցել նաև մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին:

 

Ա. Գևորգյանը մարզպետներին հորդորել է նաև աջակցել աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին և կարևորել է այսօր կայացած՝ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ նախանշված ժամկետներում իրականացումը:

 

Անդրադարձ է եղել նաև Գյուղական համայնքների 4-րդ համաժողովի կազմակերպչական հարցերին: Համաժողովն ավանդաբար կազմակերպվում է աշնանը՝ տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների հրատապ խնդիրների քննարկման նպատակով: