Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքին:

 

«Ուզում եմ նիստը սկսել նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայից, որը կազմակերպել էին Ոսկու շուկայի աշխատակիցները: Նրանք կառավարության շենքի մոտ ցույցեր են կազմակերպում, և բողոքների պատճառները շատ տարբեր են: Ես ծանոթացել եմ տեղեկանքի հետ, որն ինձ ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության' շուկաների վերահսկողության տեսչությունը, և այն տեղեկատվությունը, որը զետեղված էր մեր տեղեկանքի մեջ, բացարձակապես չի համապատասխանում այն տեղեկատվությանը, որը տարածվեց ԶԼՄ-ներով: Միևնույն ժամանակ, տեսչության պետն ինձ տեղեկացրեց, որ տարեկան ծրագրով դեկտեմբերի տասին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել Ոսկու շուկայում:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ձեզ հետ միասին տեսչական բարեփոխումների շրջանակներում որդեգրել ենք այն սկզբունքը, որ տնտեսվարող սուբյեկտին պատճառվող անհարմարությունները պետք է հասցնել մինիմումի, ստուգումների ժամանակ իրենց գործողությունները պետք է դարձնենք համադրելի, որպեսզի հաճախակի այնտեղ ստուգումներ չանեն», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ բողոքները, որոնք իրենք ստանում են Ոսկու շուկայի աշխատակիցներից, շատ բազմազան են' «սկսած աշխատանքային պայմաններից, հակահրդեհային իրավիճակից, որ այնտեղ ստեղծված է: Հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև Ոսկու շուկայում աշխատում է 7 000 մարդ»:

 

Վարչապետը հանձանարարեց Էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, Առողջապահության նախարարության տեսչությւոններին և գործակալություններին, Արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, ՊԵԿ-ին համատեղ ծրագրով սկսել այն ստուգումները, որոնք պլանավորված են Էկոնոմիկայի նախարարության' շուկաների վեահսկողության տեսչության կողմից:

 

«Վերջնականապես պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր կան, ինչու են պարբերաբար մեր քաղաքացիները բողոքում»,-ասաց Տիգրան Սարգսյանը: