Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունը հայտնելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ. նրանք առաջարկում են օրենքը հետ ուղարկել և փոփոխել:

 

Հենց այդ բողոքի ակցիաներին մասնակցելու համար, Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն իր ակտիվ մասնակցությամբ որոշեց «պատժել» իր տարածքում առևտուր անողներին:

 

Աբրահամյանը կոտրել է բողոքի ակցիային մասնակցած աշխատողների սեղանները և արգելել իր տարածքում առևտուր անել:

 

Լուրեր.com-ն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեց ճշտել, թե ինչ կարծիք ունի նա Վաղարշ Աբրահամյանի քայլերի վերաբերյալ, սակայն նա նշեց, որ կատարվածից տեղյակ չէ:


«Ես տեղյակ չեմ, մի քանի օր է, ինչ վերադարձել եմ և տեղյակ չեմ»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով. «Ցանկացած օրինական երևույթ գովաբանում եմ, ցանկացած անօրինական երևույթ՝ դատապարտում, անկախ նրանից՝ ով է արել, ինչ է արել»: