Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքների վստահության դեֆիցիտ չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արդյունքները շատ համոզիչ են: Անհրաժեշտ էր 50 +1 տոկոս, եղել է 63 տոկոսից ավել, ուստի արդյունքների վերաբերյալ անվստահության մասին խոսելը մտացածին է և երևակայական: Մեր պատգամավորները լավ էլ վստահում են: 131 պատգամավոր կա, ընդ ամենը 17-ն են միացել ՀԱԿ-ի ստորագրահավաքին: Եթե նույնիսկ 27 պատգամավոր ստորագրի, դա չի նշանակի, որ կա համատարած անվստահություն: Տեսեք՝ պատգամավորների ընդամենը 10-11 տոկոսն է ստորագրել: Յուրաքանչյուր պատգամավոր իր խղճով է առաջնորդվում՝ կուզեն՝ կստորագրեն, չուզեն՝ չեն ստորագրի: Ես չեմ միանում ստորագրահավաքին, որովհետև դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը փաստեց, որ 824 հազար «այո»-ները ոչ թե իշխանությունների ձայներն են, այլ ժողովրդի կամքը, որի հետ հարկավոր է հաշվի նստել: «Ես չեմ բացառում, որ եղել են ընտրակեղծիքներ, ես այդ մասին խոսել եմ: Սակայն դրանք կարող են լինել 100-ը. 200-ը, սակայն ոչ երբեք 824 հազարը: Ես կարծում եմ, որ հարկավոր է ոչ թե օդի մեջ խոսել, այլ ներկայացնել փաստեր»,- հավելեց նա:
Դիտարկմանը, թե հանրաքվեի ընթացքում ՀՀԿ-ն վարչական ռեսուրս է կիրառել, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն վարչական ռեսուրս չի կիրառել, կա իրավական խնդիր, որն արդեն ՀՀԿ-ի տիրույթում չէ: ՀՀԿ-ի շտաբն այլևս չկա: ՀՀԿ շտաբը կազմակերպեց մեր քարոզչությունը: Մենք Շիլլերի նման չենք ասում. «Մավրն արել է իր գործը, մավրը կարող է հեռանալ»: Դա ավելի շատ հիմա ՀԱԿ-ին է վերաբերում, որ կամաց, սահուն քայլերով խաղից դուրս է գնում»:
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար: Հարցը ՍԴ-ում քննարկելու համար անհրաժեշտ է նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն: Այս պահին ստորագրահավաքին միացել է 17 պատգամավոր: Ստորագրահավաքի արդյունքները ՀԱԿ-ը կամփոփի դեկտեմբերի 18-ին: