Առաջիկա օրերն արտառոց օրեր են լինելու հայ ժողովրդի համար: Այսօր այս մասին հայտարարել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը և հավելել, որ դեկտեմբերի 1-ին սկսվող համաժողովրդական պայքարը հաստատ մինչև դեկտեմբերի 6-ը չի հասնելու:
Ժիրայր Սէֆիլյանը խորհուրդ է տվել վաղը հանրահավաքից հետո չվերադառնալ տուն մինչև՝ չձերբազատվեն այս «կեղեքող, ոճրագործ համակարգից»:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ժիրայր Սէֆիլյանի ելույթը նորմալ համարեց և զարմացավ, թե ինչու ենք կենտրոնացել ընդդիմադիր գործչի հայտարարության վրա:
«Ցանկացած քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսի պայքար մղել, ում դեմ և ինչ մեթոդներով: Պարզապես յուրաքանչյուրը պետք է դա անի օրենքի շրջանակներում, չլինի օրենքի շրջանակներում՝ աննորմալ է՝ անկախ այն բանից՝ նա կլինի Ժիրայր Սէֆիլյանը, Էդուարդ Շարմազանովը, Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը, թե ցանկացած այլ քաղաքական գործիչ»,- ասաց Շարմազանովը:
Նշենք նաև, որ Սէֆիլյանը հորդորել է քաղաքացիներին նախապես սնունդ և հանդերձանք վերցնել, ինչը հիմք է տալիս մտածելու, որ պայքարը չի սահմանափակվի մի քանի ժամով, և գիշերն Ազատության հրապարակը մարդաշատ կլինի: