Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ վերջերս «Հետք»-ի հրապարակած այն հոդվածին, ըստ որի՝ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է։
«Ինչո՞ւմ եմ ես մեղադրվում, որ օֆշորային գոտում իմ անունով ստեղծել եմ ձեռնարկությո՞ւն՝ նպատակ ունենալով խլել Հայաստանում ինչ-որ մեկի բիզնեսը, կամ կառուցել սխեմա, որով ինձ պետք է փոխհատուցեն։ Ֆինանսական համակարգի հետ մի փոքր առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեթություն է, որովհետև ավելի անհեթեթ սխեմա չէր կարող մշակվել։ Ուղղակի կարծում եմ՝ բացատրությունների, հիմնավորումների կարիք էլ չկա, այդպիսի անհեթեթություն իմ մտքով չէր կարող անցնել։ Ավելին, որևիցե մեկի համար դժվարություն չէ այսօր օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով Նիկոլ Փաշինյանի թույլտվությունը, դրա համար և այդպիսի օրինակները բազմազան են։ Այո, դա օֆշորային գոտիների առանձնահատկությունն է, որ այդպիսի ձեռնարկություններ կարելի է ստեղծել ցանկացած մարդու անունով»,-ասաց Տիգրան Սարգսյանը։
Վերջինիս խոսքերով՝ անհրաժեշտ բացատրություններ ինքը հրապարակային տվել է, համարելով, որ սա անհեթեթություն է, «ես ինքս չեմ գրանցել որևիցե օֆշորային գոտում ձեռնարկություն և որևիցե մեկին լիազորություն չեմ տվել իմ անունից որևիցե օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել։
Հասկանալի, էր, որ այս պատմությունն ունի բոլորովին այլ նպատակ։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այպիսի ձևերով փողեր չեն լվանում, ինչ-որ տարօրինակ գործարքներ չեն անում։ Այլ նպատակը շատ պարզ է։ Եթե ուզում ես մեկին վարկաբեկել, ապա սա հիասքանչ ձև և հնարավորություն է։ Ավելին, «Հայական ժամանակը» հարց էր տվել, թե որտեղ էի ես գտնվում հենց այդ օրը, երբ գրանցվել է այդ ձեռնարկությունը (2010 թվականի մայիսի 6-ին)։ Մանրակրկիտ հաշվետվություն եմ ներկայացրել, որ այդ օրը պաշտոնական այցելությամբ գտնվել եմ Պրահայում։ Ես միևնույն ժամանակ չէր կարող գտնվել Կիպրոսում, կամ Պրահայից թռնել Կիպրոս և այնտեղ գրանցել ձեռնարկություն։ Բայց ես հանգիստ եմ վերաբերվում այսպիսի մեղադրանքներին, որովհետև սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին մեղադրանքն է։ Երբ ես ԿԲ-ի նախագահ էի, ինձ մեղադրում էին, որ ես բանկերը փակում եմ, ունենալով մի նպատակ՝ դառնալ այդ բանկերի սեփականատեր։ Թերթերում հայտնվում էին հոդվածներ, որ Միջերկրական ծովի ափին ես ունեմ դղյակ, պարզվում է՝ ես «Նաիրիտ» գործարանի սեփականատերն եմ և նմանատիպ օրինակները կարելի է շարունակել»,-ասաց Տիգրան Սարգսյանը։