Երեկ հրապարակվեց  ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ» գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին՝ հրահանգելով ձայներ հավաքել  ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին:

 

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանից հետաքրքրվել՝ ինչ է մտածում վերջինս կուսակից ընկերոջ շուրջ կատարվողի մասին.

 

-Պարո՛ն Սարգսյան, Ձեր կուսակից ընկերն այսօր դարձել է մամուլի թիվ մեկ դեմքը: Արտակ Սարգսյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում:


-Ի՞նչ ա եղել, զբաղված եմ, չեմ կարո՞ղ այսօր մամուլով չհետաքրքվել, չնայել: Տեղյակ չեմ:

 

-Այդ դեպքում Ձեզ հուշեմ՝ հրապարակվել է ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ» գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի ժամանակ պահանջում է ընտրել Արտակ Սարգսյանին:


-Չեմ լսել, չգիտեմ:


-Ձայնագրության մեջ հնչում են անուններ, խոսվում փողերի բաժանման, ուղևորությունների, սպառնալիքների ու շանտաժի մասին։ 


-Ես նման բաները դատապարտում եմ, այո,՛ ցանկացած վատ բան դատապարտում եմ, բայց դեռ պետք է պարզել:

 

-Ի՞նչը պարզել: 


-Քանի դեռ դրանք պատի տակի խոսակցություններ են, ես բան չեմ ասի, թող ոստիկանությունն ու դատախազությունն իրենց գնահատականը տան այդ ձայնագրության մասին, այդ ժամանակ էլ ես իմ  գնահատականը կտամ:

 

-Փաստորեն, Դուք հրապարակված ձայնագրությունը համարում եք պատի տակի խոսակցությո՞ւն:


-Իմ մասին էլ էին շատ բան ասում, բայց փաստեր չկային, չէ՞: Հիմա փաստեր չկան, երբ դատախազությունն իր ասելիքն ասի, նոր կխոսամ, հակառակ պարագայում՝ կստացվի՝ օդի մեջ խոսում ենք:

 

Հիշեցնենք, որ երեկ հրապարակված ձայնագրության հետ կապված՝ ԼՈւՐԵՐ.com-ին այսօր  առավոտյան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից տեղեկացրել էին, որ ձայնագրության ուսումնասիրության համար դեռ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

 

Աղավնի Սուքիասյան