Ադրբեջանը, որը խուսափում էր ստույգ տեղեկություններ հայտնել սեպտեմբերի 4-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքների վերաբերյալ, սկսել է հայտնել ստորգետնյա ցնցումների պատճառած վնասների մասին:

 

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Բաքու-Շամախի-Շաքի-Բելոքանի երկրաշարժային գոտում, Շաքիից 23 կմ դեպի հարավ-արեւելք 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում' միայն Շաքի քաղաքում 200-ից ավելի տներ են վնասվել: Շատ տներում մեծ ճաքեր են առաջացել, կան մասնակի փլուզումներ: Այս մասին գործակալությանը հայտնել է Շաքիի գործադիր իշխանության ղեկավար Զիյա Վելիեւը:

 

Նրա խոսքով' երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որը շարունակում է տեղերում ուսումնասիրությունները:

 

«Քաղաքներում եւ գուղերում տների զննումներ են անցկացվում, որոշվում են երկրաշարժի հասցրած վնասի չափերը: Ներկա դրությամբ' հայտնի է դարձել, որ երկրաշարժի արդյունքում քաղաքներում եւ գյուղերում 200-ից ավելի տներ վնասվել են: Վթարային վիճակի են եկել որոշ դպրոցներ եւ մանկապարտեզներ», -նշել է Վելիեւը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Աղդաշ քաղաքում ցնցումների ժամանակ երկու կնոջ երրորդ հարկից ցած նետվելու պատճառով գանգուղեղի ցնցումով եւ բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվելու մասին. նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 

Երկրաշարժի արդյունքում Աղդաշում բազմաթիվ տներ վնասվել են:

 

Kanal S հեռուստաալիքը հայտնել է, որ Շաքիում երկրակեղեւի ցնցումներից վնասվել է հին քաղաքի պատմական պարիսպը:

 

Շրջանի Բոլլուդերե գյուղում մանկապարտեզն ամբողջությամբ ավերվել է, ցորենի պահեստն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Որոշ տներ բնակության համար ոչ պիտանի են դարձել: Գյուղապետը Kanal S հեռուստաալիքին հայտնել է, որ այդ տների բնակիչներին պետք է ժամանակավորապես տեղավորեն բարեկամների տներում:

 

Գյոյչայի Մելիքքենդ գյուղում երկրաշարժի ժամանակ զոհվել է երկու անչափահաս երեխաների մայր 28-ամյա Ռուգիյա Իբադովան: Երկրաշարժի ժամանակ նա գտնվել է իրենց տան բակի ջրհորի մոտ: Երկրակեղեւի ցնցումներից նա սայթաքել եւ ընկել է ջրհորի մեջ: Այդ ժամանակ ջրհորում միացված է եղել էլեկտրական ջրհան պոմպը, եւ կինը զոհվել է հոսանքահարումից:

 

Qafqazinfo.az կայքը հայտնել է, որ Մինգեչաուրում որոշ տներ ուժգին վնասվածքներ են ստացել: Ստորգետնյա ցնցումներն Ադրբեջանում զգացվել են նաեւ Բաքվում, Գյանջայում եւ մի շարք այլ շրջաններում: Մինգեչաուրում խիստ տուժել են մի դպրոց եւ մի քանի բազմաբնակարան շենք:

 

Ադրբեջանի գիտութունների ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկրաժաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 09:49-ին' Շաքիից 29 կմ հարավ-արեւելք: Էպիկենտրոնում' 13 կմ խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Այն Ադրբեջանի մյուս տարածքներում զգացվել է 4-6 բալ ուժգնությամբ:

 

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ադրբեջանական Շաքի քաղաքից 23 կմ հարավ-արեւելք, ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ, օջախի խորությունը' 30 կմ:

 

Երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ մի շարք շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում' 2-5 բալ ուժգնությամբ:

 

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Թուրքիայի Իգդիրի ու Էրզրումի նահանգներում եւ Վրաստանի Կախեթի տարածաշրջանում:

 

Թուրքիան հայտարարել է, որ երկրաշարժի հետ կապված պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է Twitter-ում' Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության էջում: