Ադրբեջանը սկսել է հրապարակել սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երկրի հյուսիս-արմտյան տարածշրջանում տեղի ունեցած մինչեւ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքները, ինչը մինչ այժմ թաքցվում էր հանրությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ANS TV հեռուստաալիքը հայտնել է, որ երկրաշարժը, մասնավորապես, Օղուզի (Վարդաշեն) շրջանում լուրջ ավերումների պատճառ է դարձել: Բնական աղետն ավելի շատ վնասներ է հասցրել ուտիներով բնակեցված Աստրախանովկա եւ Յակուբլու գյուղերում:
Յակուբլուում 100-ից ավելի տներ վնասվել են: Մեկ մանկապարտեզ հայտնվել է վթարային վիճակում:
Ստորգետնյա ցնցումը Փադար գյուղում վնասել է մզկիթի շենքն ու մինարեն: Մզկիթի շենքի մի մասը փլուզվել է, իսկ մինարեն մի քանի տեղից ճաքեր է տվել եւ թեքվել: Օղուզի շրջանում երկրաշարժն ավելի շատ վնասեր է հասցրել կրթական օջախներին, որոնք երկար տարիներ ընդհանրապես չեն վերանորոգվել:
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժից մի կին զոհվել, երկու կանայք էլ բնակելի շենքի երրորդ հարկից ցած նետվելու հետեւանքով բազմաթիվ կոտրվածքներ եւ ուղեղի ցնցում էին ստացել: