Տնտեսության զարգացման արդյունքում ստացված եկամուտներն ուղղվելու են ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Համաձայն եմ, որ ուսուցիչների աշխատավարձերը ցածր են, այնպես, ինչպես առողջապահական ոլորտում են ցածր, տարբեր սոցիալական գործառույթներ ունեցող հիմնարկներում են ցածր: Դա ուղիղ կապ ունի տնտեսության զարգացման և մյուս ոլորտներում աշխատավարձերի բարձրացման հետ: Նախնական քննարկումներ կան՝ հնարավորություններ գտնել այդ հարցը լուծելու համար, բայց առաջիկա գոնե մեկ ամսվա ընթացքում այդ լուծումը չենք կարող ունենալ: Հենց տնտեսությունն սկսեց լրացուցիչ եկամուտներ ապահովել, իսկ դրա նախադրյալները շատ մեծ են, հրապարակվող թվերն էլ դրա մասին են խոսում, դրանք ուղղվելու են նման խնդիրների լուծմանը, այդ թվում՝ աշխատավարձերի բարձրացմանը»,- ասաց նախարար Արայիկ Հարությունյանը: