Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ անցած տարվա առաջին տասնմեկ ամիսների արդյունքերի համաձայն՝ գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է 3.6%-ով՝ կազմելով 835 954 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 3.9%-ով: Այս պահին գյուղատնտեսության նոր նախարար նշանակված չէ, ոլորտը կարգավորում է նախարարի առաջին տեղակալը: Իհարկե՝ կարգավորելը փոքր ինչ ճոխ է ասված, քանի որ վերջինս անգամ իր ոլորտին առնչվող թվերին չէր տիրապետում: Այսօր կառավարության նիստից հետո Գեղամ Գեւորգյանը հայտնեց, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները նոյեմբեր ամսին ոչ բոլոր կատեգորիաներով են նվազել, իսկ դեկտեմբերի տվյալները նա դժվարացավ նշել:
 
Հարցին, թե ինչ է փոխվել գյուղատնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը պատասխանեց, որ կան հստակ փոփոխություններ: Փոփոխություն ասելով՝ նախարարի տեղակալը նկատի ունի ոչ թե գյուղացիների սոցիալական բեռի թևթևացում, հակակարկտային նոր կայանների ձեռքբերում, գյուղատնտեսության ապահովագրում, ֆերմերային տնտեսություններին տրվող օժանդակությունը, այլ՝ ռազմավարության մշակումը, որը իրենից ներկայացնում է ինստիտուցիոնալ բարեփոխումների փաթեթ: Կարճ ասած՝ ջուր: Տպավորություն է, որ նախարարությունում անգամ վարչապետի ակնարկները և ցուցումները չեն հասկացել՝ զլանալով «մատը մատին խփել»: Օրինակ, կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզվում է՝ Հայաստանում ոչ միայն ստվերային տնտեսություն է եղել, այլ նաև ստվերային գյուղատնտեսություն: Այսինքն, եթե կա ստվերային գյուղատնտեսություն, կա նաև գյուղատնտեսական «մաֆիա»՝ ջրային մաֆիայի օրինակով: Նախարարությունը որևէ քայլ արե՞լ է ստվերային գյուղատնտեսությունը և ստվերում գտնվող օլիգարխներին ստվերից դուրս բերելու ուղղությամբ, թե՞ ինստիտուցիոնալ ոչինչ չասող բարեփոխումների փաթեթ կազմելը, այն էլ ինը ամիս՝ ավելի կարևոր էր…