Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան` այգու մի քանի աշխատակիցների աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանումներ տալու:
Այս մասին փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող այգու նախկին աշխատակիցներին ասաց Երևանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը:
«Աշխատակիցների աշխատանքից ազատման պատճառներն ինձ մոտ են, և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է ինձ մոտ, բայց քանի որ առաջինը դուք եկաք, ես ձեզ հետ եմ հանդիպում»,- ասաց Սարգսյանը:
Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կասեցնել կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքային լիազորությունները` այգում վերջին շրջանում գրանցված աղմկահարույց դեպքերի պատճառով:
Սարգսյանը նշեց, որ իրենք որևէ մեկի շահը չեն պաշտպանում, և բոլոր բարձրաձայնված խնդիրները հստակ լուծումներ են ստանալու:
Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Լաբորատոր հետազոտության տվյալներով, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի անասնաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
Նոյեմբերի 19-ին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր նշանակվելուց ի վեր, քաղաքապետի փոփոխությամբ պայմանավորված, բարձրացել է նման ալիք՝ փոխել տնօրենին: Նրա խոսքով` ալիքի հետևում ամեն անգամ տարբեր մարդիկ են՝ նախկին և ներկայիս աշխատակիցներ, մարդիկ, ովքեր զբաղվում են կենդանիների առևտրով:
Հունվարի 26-ին Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները այգու տարածքում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում պահանջում էին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: