Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե Երեւանը ղարաբաղյան կարգավորման հարցում չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը։
«Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարը հենց հայկական զորքերի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից, դա են պահանջում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բոլոր փաստաթղթերը, այս առումով հարց է ծագում՝ արժե՞ արդյոք պարոն Փաշինյանի դիրքորոշումը դիտարկել որպես բանակցությունների մերժում»,-ինչպես հաղորդում է Regnum-ը, ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: