Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթին:
Գերատեսչությունից նշել են, որ ելույթ ունենալով Ստեփանակերտում՝ Հայաստանի վարչապետն «իրականությունից հեռու պոպուլիստական հայտարարություններ է հնչեցրել, ինչը ցույց է տալիս նրա անտեղյակությունը տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից և նրա թուլությունը որպես քաղաքական գործիչ»:
ԱԳՆ հայտարարության համաձայն՝ «Չնայած ելույթը ուղղված էր ներքին լսարանին՝ ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցությունների էությանը: Հայտարարությունը հակասում է նաև Հայաստանի՝ «միայն խաղաղության ճանապարհով կոնֆլիկտի լուծման» կոչերին»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Վերածննդի հրապարակում թվարկել է խոշոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Վարչապետն ընդգծել է, որ իր ելույթում չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստանն է և վերջ»: