Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ մեղադրանքներին, թե ինչու է զորակազմը «կիրառում հայկական տեղանուններ»: ՌԴ խաղաղապահների հայտարարությունում նշված է.
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմն ուսումնամարզական և մարտական առաջադրանքների կատարման ընթացքում օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները։ Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանք է հարուցում, քանի որ ավելի վաղ, և բազմիցս, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են այլ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյուների ուղեկցումն ապահովելու համատեքստում: Սակայն դա տեղեկատվական դաշտում գանգատների չի հանգեցրել։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները։
Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ և ուղղված է հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկմանը, ու տարբեր հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս բարձր են գնահատել այդ գործունեության արդյունավետությունը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրում են խաղաղապահների դիտակետերը՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտումներ իրականացնել օրվա ցանկացած ժամի: Վատ չէր լինի, եթե Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում, շարունակեր տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված աշխատանքը»: