Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի (ԱՆԱՄԱ) տնօրեն Նազիմ Իսմաիլովը հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել «Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին»: Իսմաիլովը նշել է նաև, թե՝ «Հայաստանի տարածքում ականային վտանգ չկա, նրանք ավելի շատ ականապատում են քան ականազերծում»:
Իսմաիլովի «հեղինակավոր» կարծիքը, առավել ևս՝ գնահատականները ոչ այլ ինչ են, քան խղճուկ փորձ՝ հումանիտար ականազերծման բնագավառի միջազգային կազմակերպությունների մոտ «ԱՆԱՄԱ»-ի խարխլված վարկանիշը վերականգնելու և իրենց կենտրոնի նշանակությունը անհիմն գովաբանելու համար:
Ականային վտանգը Հայաստանում փաստված և հաստատված է ՄԱԿ-ի կողմից, իսկ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ ՊՆ-ն համագործակցում է բնագավառի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ:
Ինչ վերաբերում է «Ականազերծման Ազգային կենտրոն ստեղծելու ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքներին», ապա հայտնում ենք, որ հումանիտար ականազերծման խնդիրներով զբաղվող հանրությունը, միջազգային կազմակերպությունները քաջատեղյակ են, որ Հայաստանում դեռևս 2011թ. փետրվարին հիմնադրվել և գործում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը:
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների, դոնորների և օտարերկրյա տարբեր պետական կառույցների հետ, աշխատում է թափանցիկ և նպատակաուղղված: Նպատակաուղղված՝ վերացնելու Հայաստանում առկա ականային վտանգը, այլ ոչ թե կեղծիքներով, հավելագրումներով և խաբեությամբ դոնորական սուղ միջոցները հորինված պրոբլեմներ լուծելու համար շորթելու միտումով:
Հուսով ենք, որ հումանիտար ականազերծման գործին նվիրված միջազգային կազմակերպությունները կարձագանքեն «իրենց հուսախաբության վերաբերյալ» Իսմաիլովի տարածած մերկապարանոց և ստահոդ հայտարարությանը:
Իսկ Նազիմ Իսմաիլովին հորդորում ենք ծիծաղելի և մանկամիտ հայտարարություններ այլևս չհնչեցնել՝ կապված ռուսական բանակի, Իրանի ու Թուրքիայի սահմանների ականապատման հետ: Այլապես կրկնվում է այն ձեռագիրը, երբ լուրջ-լուրջ խոսում են Թբիլիսի-Բաքու-Ջեյհան գազամուղի ականազերծման մասին: Իրականում, եթե չականապատեք, ականազերծման խնդիր չի առաջանա: