Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատանքները բարելավելու նպատակով հստակ քայլեր են իրականացվում:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  այս մասին «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատակիցների հետ հանդիպմանը նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Մենք ստացել ենք մի համակարգ, որն ունի բազմաթիվ խնդիրներ: Դրանց մեծ մասը պահանջում են կետային լուծումներ: Ջանք չի խնայվելու, որպեսզի և’ քաղաքացին ձեզանից որակյալ սպասարկում ստանա, և’ ձեր աշխատանքային պայմանները փուլ առ փուլ, կետ առ կետ բարելավվեն»,-ասել է նա:

Բուժծառայության աշխատակիցների  հիմնական դիտարկումները վերաբերել են աշխատավարձերի բարձրացմանն ու  բժշկական ապահովագրության տրամադրմանը: 

Քաղաքապետի տեղակալը շեշտել է, որ անպայման պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ինչ-որ չափով բարելավեն աշխատավարձային ֆոնդը:

Սերգեյ Հարությունյանը շեշտել է, որ զանգերը շատացել են, իսկ բնակիչների վստահությունն ավելացել է  ծառայության հանդեպ: Փոխքաղաքապետի խոսքով`    կանչերի թիվն  էականորեն տարբերվում է հոսպիտալացված  քաղաքացիների թվից, հետևաբար հարկավոր է  մշակել հատուկ նորմեր կանչերը տարբերակելու և դրանց ավելի նպատակային արձագանքելու համար:  Այս հարցում որոշակի բեռ պետք է վերցնեն նաև պոլիկլինիկաները, որպեսզի ծառայությունը հիմնականում արագ արձագանքի  անհետաձգելի բուժօգնության կանչերին: