Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 3-ին եռօրյա առաքելական ուղևորության է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ. նա կլինի Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետը, ով այցելել է Արաբական թերակղզի:
Աբու Դաբի մեկնելուց մեկ ժամ առաջ, Վատիկանում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ նա ԱՄԷ իր այցն համարել է «կարճ, բայց կարևոր ճամփորդություն»։ Այնուհետև Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Մեկնում եմ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այդ երկիր եմ ուղևորվում որպես եղբայր, որպեսզի միասին գրենք երկխոսության էջ և միասին անցնենք խաղաղության արահետներով։ Աղոթե՛ք ինձ համար»։
Այցը տեղի կունենա փետրվարի 3-5-ը՝ Աբու Դաբիի թագաժառանգ, Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով։ Այցի ընթացքում Հռոմի պապը կմասնակցի «Մարդկային եղբայրություն» միջազգային միջկրոնական հանդիպմանը։