Իտալիայի կառավարող Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ռոբերտո Ջակետին ընդունել է իր պարտությունը Հռոմի քաղաքագլխի ընտրություններում, տեղեկացնում է BBC-ն:

 

Չսպասելով քվեարկության արդյունքների հրապարակմանը' նա հաղթանակի առթիվ շնորհավորել է իր մրցակցուհուն՝ Վիրջինիա Ռաջիին, որը ներկայացնում է «Հինգ աստղերի շարժում» կազմակերպությունը:

 

Էկզիտ-պոլերի տվյալներով՝ Ռաջիի օգտին կրկնակի ավելի ընտրողներ են քվեարկել, քան Ջակետիի օգտին: Ձայների 16 տոկոսի հաշվման արդյունքները հաստատել են այս տեղեկատվությունը:

 

Սա քվեարկության երկրորդ փուլն էր: Առաջին փուլում Վիրջինիա Ռաջին ստացել էր ձայների ավելի քան 32 տոկոսը: Երկրորդ տեղն զբաղեցրել էր Ջակետին, որին պաշտպանել էր Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:

 

Ռաջիի ընտրարշավի հիմնական թեման պայքարն էր կոռուպցիայի եւ արտոնություններ դեմ: Նա կդառնա Հռոմի քաղաքագլուխ ընտրված առաջին կինը պատմության մեջ:

 

Քաղաքագլուխների ընտրություններ են անցկացվում նաեւ Միլանում, Թուրինում եւ Իտալիայի այլ քաղաքներում, որտեղ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել քվեարկության առաջին փուլում հավաքել ձայների 50 տոկոսը: